ԼՂՀ վարչապետ. Մարտակերտում հնարավոր սեղմ ժամկետներում կսկսվեն վերականգնման աշխատանքները

ԼՂՀ վարչապետ. Մարտակերտում հնարավոր սեղմ ժամկետներում կսկսվեն վերականգնման աշխատանքները

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ապրիլի 6-ին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում՝ ռազմական գործողությունների հետևանքներին ծանոթանալու նպատակով: Գործադիր իշխանության ղեկավարը Մարտակերտ քաղաքում և Մատաղիս ու Թալիշ գյուղերում ծանոթացել է ապրիլի 2-5-ը թշնամու հրետակոծության հետևանքներին, ինչպես նաև՝ հանդիպել տեղի բնակիչների հետ:

Հարությունյանը երախտագիտություն է հայտնել բնակիչներին՝ ստեղծված իրավիճակում խիզախություն դրսևորելու և հայրենի համայնքներում մինչև վերջ կանգնելու վճռականության համար:

«Կառավարության կողմից արվելու է հնարավորը թշնամու արկակոծության հետևանքով բնակիչների վնասված առանձնատները և համայնքային ենթակառուցվածքները կարճ ժամանակամիջոցում վերականգնելու համար: Մի քանի օրվա մեջ քաղաքաշինության նախարարության համապատասխան մասնագետների կողմից կգույքագրվեն բոլոր վնասները՝ հնարավոր սեղմ ժամկետներում դրանց վերականգնման աշխատանքները սկսելու նպատակով»,- ասել է վարչապետը և հավելել, որ վնասված ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը վերականգնելու համար համապատասխան կառույցների կողմից արդեն ինտենսիվ աշխատանք է իրականացվում:

Այցի ընթացքում վարչապետին ուղեկցել են Էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 33 զոհ, 121-ը վիրավորվել է, 25-ն անհետ կորած են: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել:

Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---