Ֆրանսիացի պատգամավորներ, սենատորներ. Ագրեսորը Բաքուն է, ԼՂՀ-ն պետք է ներգրավվի բանակցություններում

Ֆրանսիացի պատգամավորներ, սենատորներ. Ագրեսորը Բաքուն է, ԼՂՀ-ն պետք է  ներգրավվի բանակցություններում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող մի քանի տասնյակ պատգամավորներ, սենատորներ և քաղաքական գործիչներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ֆրանսիական Le Monde հեղինակավոր պարբերականի էջերում:

Հայտարարության մեջ նախ նշվում է Հարավային Կովկասում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության սրացումը, ապա մատնացույց անելով ագրեսորին՝ հավելվում է, որ Իլհամ Ալիևի կրնկի տակ գտնվող Ադրբեջանը, խրախուսվելով միջազգային անտարբերությունից, փորձել է գրավել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

«Երկու կողմերի համար մահաբեր այս հարձակումը ժամանակավորապես ավարտվել է խախուտ հրադադարով։

Այնժամ, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հրատապ ժողովեց հակամարտող կողմերին,պետք է փաստել, որ այդ հարձակումը ոչնչին և ոչ ոքին օգուտ չբերեց:

Փաստը մնում է փաստ, որ Ղարաբաղի խաղաղ բնակչությունը ևս մեկ անգամ կյանքի գնով վճարել է բռնակալ Բաքվի ռևանշիստական նկրտումների համար. միտումնավոր ռմբակոծությունների թիրախ հանդիսացող քաղաքներ, իրենց դպրոցի բակում սպանված երեխան, խոշտանգված, այնուհետև հենց այդ նպատակով այնտեղ ներխուժած հատուկ ջոկատայինների կողմից դաժանաբար սպանված քաղաքացիներ:

Այդ ամենի հետ մեկտեղ, այս նոր հարձակումից պետք է նաև դասեր քաղել: Այսքանից հետո ո՞վ կհամարձակվի ղարաբաղցիներին խնդրել ներգրավվել մի վարչակարգի կազմում, որը միայն իրենց ֆիզիկական ոչնչացումն է ցանկանում: Ղարաբաղի ժողովրդի համար անկախությունն ու Հանրապետության հիմնումը երբեք չեն եղել նպատակ, այլ եղել են միջոց. մի միջոց, որը թույլ կտա ապրել խաղաղ և ապահով՝ կառուցելով ժողովրդավարական այնպիսի մի պետություն, որը հարգում է իր քաղաքացիներին, բաց է դեպի աշխարհն ուշարժվում է դեպի ապագա»,- ասված է հայտարարության մեջ, գրում է Panorama.am-ը։

Նշվում է, որ Ադրբեջանն իբրև երկիր հարուստ է, սակայն ադրբեջանցիներն աղքատ են: Իրականում նրանք միայն ֆիզիկապես երկրի տարածքն են բնակեցնում, թեև օրինական իրավունք ունեն օգտվելու նավթային հարստությունից, որը զավթել է իշխանության գլուխ կանգնածընտանիքը:

Ընդգծվում է, որ «Շվեյցարական արտահոսք» և «Պանամական փաստաթղթեր» ցուցակներում պարբերաբար մեջբերվող Ալիևի հանցավոր կլանի համար Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմը լավ միջոց է՝ սեփական ժողովրդին աղքատացնող՝ իր նյութական և բարոյական աղավաղումներից հայրենակիցների ուշադրությունը շեղելու համար։

«Միջազգային հանրությունը, լիովին քաջատեղյակ այս ամենի մասին, պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա: Մենք առաջարկում ենք, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը հետագա բանակցությունները զարգացնի նկատի առնելով հետևյալ հիմքերը, որոնք անպատճառավելի արդյունավետություն կմտցնեն այդ գործում:

Ամենից առաջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն ավելի քան քսան տարի ապացուցել է իր կենսունակությունն ու հնարավորությունները, պետք է ճանաչվի, որպեսզի Բաքուն չշարունակի օգտագործել ճանաչման բացակայության այդ պատրվակը՝ խաղաղ բնակչության վրա հարձակվելու նպատակով։

Այնուհետև, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է վերգտնի իր տեղը բանակցային սեղանին. 21-րդ դարում քննարկել մի ժողովրդի ճակատագիրը և նրան վերաբերող գործերը նրա իսկ բացակայության պայմաններում, մեղմ ասած, անբովանդակ գործընթաց է:

Ի վերջո, կողմերին հարկավոր է պարտադրել հրադադարի վերահսկողության արդյունավետ միջոցներ․ միջոցներ, որոնք արդեն ընդունվել են Երևանի և Ստեփանակերտի կողմից, և որոնցից միայն Բաքուն է համառորեն հրաժարվում: Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցած լուրջ իրադարձությունները, մենք կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբին անցկացնել հետաքննություն՝ փաստերը և պատասխանատվությունները սահմանելու համար», - եզրափակվում է հայտարարության մեջ։

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 33 զոհ, 121-ը վիրավորվել է, 25-ն անհետ կորած են: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---