Թոմաս դե Վաալ. Ադրբեջանը հիմա չունի հարցը ռազմական տարբերակով լուծելու հնարավորություն

Թոմաս դե Վաալ. Ադրբեջանը հիմա չունի հարցը ռազմական տարբերակով լուծելու հնարավորություն

PanARMENIAN.Net - Նախահարձակ կողմը` Ադրբեջանն, իհարկե, լուրջ նվաճումներ չի ապահովել, քանի որ գրավել է որոշ բարձունքներ և հողակտորներ, սակայն դա շատ քիչ է հայերի հսկողության ներքո գտնվող տարածքների համեմատությամբ: Այսպիսի կարծիք է հայտնել Քարնեգի հիմնադրամի փորձագետ, Լեռնային Ղարաբաղի մասին բազում աշխատությունների հեղինակ Թոմաս դե Վաալը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Շարունակել գործողությունը՝ կնշանակեր կրել է՛լ ավելի մեծ կորուստներ նվազագույն ձեռքբերումների դիմաց: Ադրբեջանական հողերն արդեն երկու տասնամյակ ուրիշի հսկողության տակ են, դա մեծ տրավմա է, մյուս կողմից՝ այդ տարածքներն ուժով գրավելու փորձերը կնշանակեն մարդկային հսկայական կորուստներ, Ադրբեջանն այս խնդրի ադեկվատ պատասխան չի գտնում»:

Արձագանքելով հարցին, թե «արդյո՞ք սա վճռական գրոհն էր, որի մասին խոսել են Ադրբեջանի նախագահը և Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը, թե՞ հանգամանքների զուգադիպում, որը հետո օգտագործվել է բախումներ սկսելու համար»` Թոմաս դե Վաալն ասել է, որ ստույգ պատասխան չկա, քանի որ տեղում քիչ են դիտորդները։

Անցած երկու տարում շփման գծում եղել են շատ բախումներ։ Գարնանն էլ դրանք ավելի հաճախ են պատահում, որովհետև սարերում ավելի դյուրին է մարտեր վարել։

«Բայց ավելի բարդ գործողություններ իրականացնելու և դրանց ընթացքում ծանր զինատեսակներ կիրառելու համար անհրաժեշտ է Երևանում կամ Բաքվում նախագահի քաղաքական կամքը, նման որոշումներ պարզ հրամանատարները չեն ընդունում»,- ասել է Թոմաս դե Վաալը։

Խոսելով միջազգային իրավիճակի մասին, փորձագետն ասել է, որ Կովկասն, իհարկե, միջազգային ազդեցությունների տարածաշրջան է, և Ռուսաստանն այստեղ նշանակալից դեր է խաղում, բայց նրանք, ովքեր ակնարկում են «Մոսկվայի ձեռքի» մասին, հաշվի չեն առնում, որ ի տարբերություն Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի` Ռուսաստանն այստեղ խաղաղապահներ չունի։

«Ես չեմ տեսնում Ռուսաստանի ձեռքն այստեղ»,- ասել է Թոմաս դե Վաալը։

Նրա համոզմամբ, Ադրբեջանը հիմա չունի հարցը ռազմական տարբերակով լուծելու հնարավորություն: «Կարելի է, իհարկե, ինչ-ինչ կորցրած տարածքներ գրավել, բայց ավելի լայնածավալ պատերազմի համար անհրաժեշտ է ոչ միայն ավելի մեծ ռազմական հզորություն, այլև դրան նպաստող արտաքին քաղաքական համատեքստ, որը հիմա չի նկատվում։ Ռուսաստանը, Թուրքիան, Արևմուտքը չեն ուզում նոր կոնֆլիկտ Ղարաբաղի շուրջ»,- ասել է Թոմաս դե Վաալը։

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 37 զոհ, 122-ը վիրավորվել է, 21-ն անհետ կորած են:: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

Ընթերցեք նաև. Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---