Բաբայան. Հայ ռազմագերիների մասին տեղեկություններ չունենք

Բաբայան.  Հայ ռազմագերիների մասին տեղեկություններ չունենք

PanARMENIAN.Net - Հայկական կողմը դեռևս հստակ տեղեկություններ չունի՝ կապված Ադրբեջանում հայ ռազմագերիների հնարավոր առկայության հետ: Ադրբեջանի իշխանություններն այդ մասին պաշտոնապես ոչինչ չեն հայտարարել, հայտնել է ԼՂՀ նախագահ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նա սակայն, չի բացառել, որ չհայտարարելու համար կարող են և որոշակի դրդապատճառներ լինել:

«Պետք է ճշտենք՝ կան թե չկան, Ադրբեջանը չի հայտարարում՝ ինչ է եղել այդ մարդկանց ճակատագիրը, թաքցրել են, թե ինչ են արել․․․բայց այս ամենը պետք է ճշտվի, ակնկալում ենք, որ կճշտվի նաև «Կարմի խաչ»-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջամտությամբ: Իհարկե՝ այստեղ գտնվող համանախագահների հետ այդ ամենի մասին ևս խոսվել է, և պետք է քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ»,- ասել է Բաբայանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Շփման գծում քառօրյա ռազմական գործողություններից հետո հայկական կողմը հայտարարում է անհետ կորած զինծառայողների մասին:

Հայաստանի առաջին Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ով օրերս է վերադարձել ԼՂ-ից, գերիների և անհետ կորածների հետ կապված նշել է, թե դեռևս հնարավոր չէ այս խնդրի հետ կապված հստակ պատկերացում կազմել: Նա նաև չի բացառել անհետ կորածներից ոմանց՝ ինչ-որ տեղ թաքնվելու հնարավորությունը:

«Եթե մենք դա իմանայինք, նրանք այլևս անհետ կորած չէին համարվի: Ողջ են, վիրավոր են, թաքնվում են ինչ-որ տեղ, «անեհետ կորած»-ը ներառում է այդ բոլոր տարբերակները»,- պարզաբանել է Ալավերդյանը:

Հայկական կողմն ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանցի գերիներ չունի: Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակի՝ ունենալու դեպքում իրենք կդիմեին «Կարմիր Խաչ»-ի միջազգային կոմիտեին։

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 44 զոհ, 122 վիրավոր: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

Երևանում բողոքի ցույց է անցկացվելու՝ ընդդեմ ԼՂ հարցում միջազգային անգործության

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---