Մովսես Հակոբյան. Կրակի դադարեցման մասին առաջարկությունն արել է Ադրբեջանը

Մովսես Հակոբյան. Կրակի դադարեցման մասին առաջարկությունն արել է Ադրբեջանը

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, Արցախի Պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանըանդրադարձել է հարցին, թե, արդյոք, հնարավոր չէ՞ր կանխատեսել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ նախահարձակ գործողությունները, հայտնում է Tert.am-ը

«Մեր հետախուզությունը տեղեկություն ուներ, բայց ԼՂ շփման գիծը բավականին երկար է, և կոնկրետ որ ժամին, որտեղ է դա լինելու, կռահելը մի քիչ դժվար է, բայց այն որ կանխատեսել էինք և գիտեինք, որ հակառակորդը դիվերսիոն գործողությունների միջոցով փորձելու է անցնել հարձակման, այդ տեղեկությունը մեր զինված ուժերն ունեցել է և համապատասխան միջոցառումներ իրականցրել են»,- ասել է նա:

Պատասխանելով հարցին, թե որքան տևական կլինի կրակի դադարեցման մասին պայմանավորվածության պահպանումը` Հակոբյանն ասել է. «Նախ ասեմ, որ առաջարկությունը ներկայացրել է Ադրբեջանը՝ դիմելով Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետին և այս անգամ ևս պետք է փաստենք, որ հայ զինվորը ևս մեկ անգամ պարտադրեց հակառակորդին հրադադար: Թե որքան կտևի այս իրավիճակը, կանխատեսել դժվար է, բայց այն, որ հայկական զինված ուժերն այսուհետ ևս պատրաստ են կանխելու հակառակորդի նման ոտնձգությունը, դա փաստ է: Կարծում եմ, որ հակառակորդն այս գործողություններից հետևություն կկատարի և եթե ևս մեկ անգամ փորձի նման ձևով լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը՝ իրեն տրված պատասխանը կլինի ավելի կոշտ և ավելի խիստ»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Ստեփանակերտ հասնելու Ադրբեջանի մտադրությանը, ապա Մովսես Հակոբյանն ասել է, որ դա երազանքի ժանրից է, որովհետև իրենք քաջ գիտակցում են, որ կռվելու են հայկական բանակի հետ և ամեն մի հողի համար զինվոր կա: Նա նշել է, որ հակառակորդը գործել է գաղտնի, գիշերը դիվերսիոն 2 հատուկ նշանակության բրիգադի ուժերով և փորձել է գործել չորս ուղղություններով. երկու ուղղություններով հաջողություն չի ունեցել, իսկ երկու ուղղությունում նախ ունեցել է, այնուհետև Պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումները մարտի են բռնվել մխրճված հակառակորդի հետ և կագնեցրել նրանց առաջխաղաղցումը:

Ինչ վերաբերում է փոխօգնության ռազմական համաձայնագրի կնքման անհրաժեշտությանը՝ Մովսես Հակոբյանն ասել, որ ՀՀ նախագահը հստակ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի զինված ուժերի, պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար և սրանից բխող բոլոր գործառույթներն իրականացրել է և այսուհետ ևս իրականացնելու է:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---