Իսրայել. Դեռևս վաղ է խոսել Թուրքիայի հետ հաշտեցման մասին

Իսրայել. Դեռևս վաղ է խոսել Թուրքիայի հետ հաշտեցման մասին

PanARMENIAN.Net - Իսրայելում պաշտոնապես չեն մեկնաբանում Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությունները Երուսաղեմի և Անկարայի միջև իբր ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:

Ապրիլի 7-ին Լոնդոնում հանդիպել են երկու երկրների ներկայացուցիչները: Ավարտին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, թե համաձայնագրի վրա աշխատանքը նախատեսվում է ավարտել խորհրդակցությունների հաջորդ փուլում, որն, ըստ Անկարայի, տեղի է ունենալու առաջիկայում:

«Մեր պահանջները թուրքական կողմից նույնն են` դրանք հերթական անգամ հնչեցվել են Լոնդոնում և հիմա ամեն ինչ կախված է բացառապես Անկարայի գործողություններից»,-հայտարարել է աղբյուրն Իսրայելի ղեկավարությունում, հայտնում է BBC-ին:

Իսրայելի պահանջները Թուրքիային ներկայացվել են դեռ 2015-ի դեկտեմբերին, երբ Թուրքիայի նախագահը հրապարակավ հայտարարեց, որ պատրաստ է վերսկսել երկխոսությունը:

Իսրայելն առաջին հերթին պահանջում է փակել «Համաս» խմբավորման հրամանատարական կետը Թուրքիայում: Երկրորդը` պահանջվում է օրենք ընդունել Թուրքիայի խորհրդարանում, որով կարգելվի հայցով դիմել միջազգային դատարաններ Թուրքիայի քաղաքացիների անունից ընդդեմ իսրայելցի զինվորների, որոնք մասնակցել են 2010-ի մայիսին թուրքական տորմիղի դեմ գործողություններին: Եվ երրորդը` պահանջվում է անհապաղ կասեցնել հակաիսրայելյան քարոզչությունը և դադարել պայմաններ առաջ քաշել Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների դեմ:

Ի դեպ, որոշ իսրայելցի քաղաքական գործիչների կարծիքով նույնսիկ Թուրքիայի կողմից բոլոր պայմանները կատարելուց հետո, Իսրայելի ղեկավարությունը շատ լավ պետք է կշռադատի բոլոր փաստարկներն Անկարայի հետ երկխոսություն սկսելուց առաջ:

Թուրքիայի պատրաստակամության լրացուցիչ ազդակ է համարվում Էրդողանի անունից Իսրայելի նախագահ Ռիվլինին ուղղված հեռագիրը` մարտի 19-ին Ստամբուլում ահաբեկչությունից անմիջապես հետո, որի հետևանքով Իսրայելի 3 քաղաքացի էր զոհվել: Մի քանի օր անց, արդեն Ռիվլինի նախաձեռնությամբ տեղի է ունեցել երկու նախագահների հեռախոսազրույցը, որը նվիրված էր ահաբեկչության դեմ համատեղ պայքարին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---