«Նոբելյան օրեր Երևանում»․ Տարածաշրջանում աննախադեպ միջոցառման կարևորությունը հայկական գիտության համար

«Նոբելյան օրեր Երևանում»․ Տարածաշրջանում աննախադեպ միջոցառման կարևորությունը հայկական գիտության համար

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-15-ը «Նոբելյան օրեր Երևանում» խորագրով կայանալիք գիտակրթական միջոցառումը Հայաստանի գիտական կյանքում երբևէ կազմակերպված ամենանշանավոր իրադարձություններից է:

Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ Հայաստանը կհյուրընկալի Նոբելյան մրցանակի հինգ դափնեկրի, որոնք երեք օր անընդմեջ հանդես կգան հանրային և մասնագիտական դասախոսություններով, տեղի կունենա նաև մասնագիտական քննարկումներ։

Միջոցառմանն ընդառաջ՝ ապրիլի 11-ին ԵՊԲՀ-ում հրավիրված ասուլիսում «Նոբելյան օրեր Երևանում» նախաձեռնության համակարգող, ԵՊԲՀ Գիտության գծով պրոռեկտոր Կոնսատնտին Ենկոյանը փաստեց՝ կազմակերպիչ կողմի նպատակն է Հայաստանում համապատասխան միջավայր ստեղծելը, իսկ ընդհանրապես, միջոցառումը կիտված է նաև աշխարհի կիզակետը սևեռելու Հայաստանի վրա՝ որպես կարևոր գիտական կենտրոնի, որտեղ անցկացվում է նման միջոցառում:

«Ոգեշնչի՛ր և ստեղծի՛ր» կարգախոսով անցկացվող դասախոսությունները նպատակ ունեն ներկայացնելու Երևան հրավիրված նոբելյան մրցանակակիրների կողմից կատարված բացահայտումերը, ինչպես նաև նրանց գիտական ձեռքբերումներն ու բացառիկ հաջողությունները: Սա աննախադեպ հնարավորություն է՝ տեսնելու և լսելու այն, ինչը փոխել է աշխարհն ու դարձել արժանի Նոբելյան ժառանգության։

Միջոցառումը նաև գիտական երկխոսության ու մտերմիկ զրույցի հնարավորություն է տարբեր մշակույթներ և ավանդույթներ կրող, տարբեր գիտական դպրոցներ ներկայացնող անհատների միջև:

«Նոբելյան օրերի» ընթացքում դասախոսություններով հանդես կգան կենսաբան Աարոն Չիհանովերը (Իսրայել), բյուրեղագետ Ադա Յոնաթը (Իսրայել), քիմիկոս և ֆիզիկոս Դեն Շեխտմանը (Իսրայել), բժիշկ և ֆիզիոլոգ Ջոն Ռոբին Ուորենը (Ավստրալիա) և քիմիկոս Էյ-Իչի Նեգիշին (Ճապոնիա): Թեև միջոցառման թիրախային խումբը բժշկագիտության, քիմիայի և ֆիզիկայի ոլորտների գիտնականներն ու ուսանողներն են, դասախոսությունները բաց են լինելու բոլորի համար։ Դասախոսությունները կանցկացվեն անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ։ Դրանք կտեսաձայնագրվեն և հետագայում ևս հասանելի կլինեն։

Ասուլիսի ընթացքում ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ներկայացնելով դեռևս երկու տարի առաջ նախաձեռնած ծրագիրը, նշեց, որ գաղափարն առաջացել է Կոստանտին Ենկոյանի նախաձեռնությամբ 2010 թ․ Աարոն Չիհանովերի Հայաստան կատարած այցի ու դասախոսությունների արդյունքում։

«Նոբելյան օրեր Երևանում» նախաձեռնության համակարգող խմբի ղեկավար Կոնստանտին Ենկոյանը նշեց, որ միջոցառումը բաղկացած է երկու բաղադրիչից։ Ապրիլի 12-ին Մարզահամերգային համալիրում հրավիրված գիտնականները հանդես կգան չորս հանրային դասախոսություններով, որոնք նվիրված են գիտության գլոբալ խնդիրներին, իսկ հաջորդ երկու օրերին կներկայացնեն իրենց նեղ մասնագիտական դասախոսությունները:

«Հիմնական թիրախային խումբը ուսանողներն են, առաջին անգամ ներգրավել ենք նաեւ աշակերտներին: Ապրիլի 14-ին առանձին հանդիպում կազմակերպենք աշակերտների հետ, կներգրավվեն ինչպես երևանյան, այնպես էլ մարզային դպրոցների աշակերտները։ Սա շատ կարևոր է, քանի որ սերը գիտության նկատմամբ աշակերտական տարիներից պիտի կայանա»,- ասաց Կոնստանտին Ենկոյանը:

Բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը նշեց նաև, որ իրենց նպատակն է Նոբելյան մրցանակակիրների մոտ հետաքրքրություն առաջացնել տեղի հայ գիտնականների հանդեպ և նրանց հետ գիտական համագործակցության առիթ ու հնարավորություն ստեղծել։ «Դրանք զուտ դասախոսություններ չեն․Նոբելյան մրցանակակրի դասախոսությունը լուրջ արվեստ է, նաև վարպետության դասընթաց դասախոսների համար»,- ընդգծեց Միքայել Նարիմանյանը։ Պատասխանելով PanARMENIAN.Net ի հարցին՝ վերջինս նշեց, որ հնարավորության դեպքում հետագայում ևս կփորձեն նմանատիպ միջոցառում անցկացնել՝ շեշտելով, որ դա մեծ ծախսեր ու կազմակերպչական ջանքեր է պահանջում։

Նախաձեռնության մասնակից, ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերության նախագահ Մարիամ Մովսիսյանը, կարևորելով միջոցառումը ուսանողության համար, նշեց, որ նման կարգի գիտնականների հետ շփումն արդեն շատ մեծ ոգեշնչում կլինի իրենց համար։ Արդեն իսկ տարբեր համալսարաններ ու ոլորտներ ներկայացնող շատ մեծ հետաքրքրված լսարան կա։ «Սա մեզ համար շատ մեծ հնարավորություն է՝ գիտական մտքերով կիսվելու, որի արդյունքում, ինչպես ուսանողների մեկը նկատեց, թերևս առաջանա իրենց նոբելյան գաղափարը»,- նշեց Մարիամ Մովսիսյանը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---