Օսկանյան. Հայկական կողմի ռազմական հաղթանակը պետք է դիվանագիտորեն ամրագրել

Օսկանյան. Հայկական կողմի ռազմական հաղթանակը պետք է դիվանագիտորեն ամրագրել

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը նոր փուլ է մտել։ Իսկ Հայկական կողմի ռազմական հաղթանակը պետք է ամրագրել դիվանագիտորեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Չորսօրյա պատերազմից հետո միանշանակ է, որ Ղարաբաղյան հակամարտությունը նոր փուլ է մտել։ Ես կարծում եմ՝ մենք շատ արագ պետք է կարողանանք երեք բան անել՝ տալ պատերազմական իրավիճակի առաջացման պատճառների ճիշտ բացատրությունը, գնահատել այդ օրերին մեր գործողությունները, ճշգրտել մեր հետագա անելիքները։ Այստեղ գլխավորն իհարկե այն է, թե արդյոք հնարավո՞ր էր կանխել այս պատերազմը և խուսափել բազմաթիվ զոհերից», - գրել է Օսկանյանը։

Նրա կարծիքով, 1994-ից ի վեր հրադադարի պահպանմանը նպաստել է երկու գործոն՝ բանակցություններով հարցի կարգավորման իրական հեռանկարը և շփման գծի երկու կողմում ռազմաքաղաքական ու տնտեսական հավասարակշռությունը:

Վերջին տարիներին այս գործոններն էապես խախտված են։ Մի կողմից բանակցությունները տևական ժամանակ է՝ խոր փակուղու մեջ են, մյուս կողմից՝ ռազմատենչ հայտարարությունների և սպառազինությունների վրա մեծ ծախսերի արդյունքում Ադրբեջանը սկսել էր հավատալ իր ռազմական առավելությանը:

Օսկանյանը նշում է, որ այս երկու գործոնների համադրումն էր, որն իր պատերազմական արտահայտությունը գտավ վերջին օրերին՝ անկախ նրանից, թե որն էր ռազմական գործողությունները սկսելու առիթը։ «Այս երկու հարթություններում էլ մենք լուրջ անելիքներ ունենք», - հավելել է նա։

Այս կոնտեքստում, Օհանյանը նշել է, որ հայոց բանակի համարժեք պատասխանը Ադրբեջանին և նրանց կրած հարյուրավոր զոհերն ու ռազմատեխնիկայի կորուստները կփոխեն ռազմական հավասարակշռության խախտման մասին Բաքվի ընկալումները:

«Բայց դա չի նշանակում, թե մենք անելիքներ չունենք: Մեր անելիքները նաև թիկունքում են, և դրանք լուրջ անելիքներ են», - նկատել է նա:

Օսկանյանի խոսքով, դիվանագիտական հարթությունում անհրաժեշտ է բանակցությունները փակուղուց դուրս հանել: 1991-1994-ին ռազմական դաշտում տարած հայկական կողմի հաղթանակը դիվանագիտորեն ամրագրելու կարիքն ունի ոչ թե Ադրբեջանը, այլ հայկական կողմը:

«Բանակցային փակուղին չի բխում մեր շահերից։ Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելը մեր դիվանագիտության և արտաքին քաղաքականության թիվ մեկ խնդիրը պետք է լինի», - եզրափակել է նախկին ԱԳ նախարարը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---