ՀՀ բուժհաստատություններից մոտ 70 մասնագետ է գործուղվել Արցախ ու Սյունիք

ՀՀ բուժհաստատություններից մոտ 70 մասնագետ է գործուղվել Արցախ ու Սյունիք

PanARMENIAN.Net - Երևանի մի շարք բժշկական կենտրոններում ու բուժհաստատություններում մասնագիտական կամավոր խմբեր են ձևավորվել` զինվորների կողքին լինելու պատրաստակամությամբ։ Կամավորները«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Աստղիկ», «Իզմիրլյան», «Էրեբունի», «Սլավմեդ», «Արմենիա» հանրապետական, «Արամյանց» բժշկական կենտրոններից են, Ուռուցքաբանության ազգային կենտրոնից, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնից, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտից են:

Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից փոխանցում են, որ մոտ 70 առաջատար մասնագետ և բուժաշխատողներ են գործուղվել Սյունիքի մարզի և Արցախի հիվանդանոցներ` իրենց խորհրդատվություններով և փորձառությամբ համալրելով տեղերի բուժանձակազմը։

Ըստ հաղորդագրության, հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով լարված վիճակ ստեղծվելու առաջին իսկ օրից ՀՀ առողջապահության նախարարությունն աշխատանքները համակարգել է իրավիճակին համապատասխան։ Ստեղծված պայմաններում բժշկական օգնության աշխատանքները արագ և արդյունավետ կազմակերպելու նպատակով բժշկական բոլոր կազմակերպություններն ապահովված են եղել անհրաժեշտ պարագաներով, դեղորայքով, արյունով և արյան բաղադրիչներով։

Նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը գործուղվել է Գորիս` Սյունիքի մարզի առողջապահական հիմնարկների աշխատանքները համակարգելու, ինչպես նաև ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախարարությունների հետ մշտական կապ պահպանելով վիրավորների բուժումն ինչպես տեղում կազմակերպելու, այնպես էլ անհրաժեշտության դեպքում նեղ մասնագիտական բուժման նպատակով Երևանի հիվանդանոցներ տեղափոխումը համակարգելու համար։

ՀՀ առողջապահության նախարարությունը միշտ սերտ գործակցել է ՀՀ պաշտպանության և ԼՂՀ առողջապահության նախարարությունների հետ` ուշադրության կենտրոնում պահելով ինչպես քաղաքացիական հիվանդանոցներում, այնպես էլ զինհոսպիտալում բուժվող վիրավոր զինվորների և երկրապահների ապաքինումը։ Նախարարն ամենօրյա այցելություններ է կատարում ծանր հիվանդներին, ծանոթանում նրանց բուժման ընթացքին:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:

Կարդացեք նաև՝ ՀՀ զինհոսպիտալում 36 վիրավոր է բուժվում. Դրական տեղաշարժ կա

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---