ԼՂ հարցը՝ Եվրախորհրդարանում. Հիմնականում հայամետ տեսակետներ են արտահայտվել

ԼՂ հարցը՝ Եվրախորհրդարանում. Հիմնականում հայամետ տեսակետներ են արտահայտվել

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանն ապրիլի 12-ի լիագումար նիստում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությանը։ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին իր ելույթում կարևորել է, որ ԵԽԽՎ լիագումար նիստին խորհրդարանն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի խնդրին և նշել է, թե ապրիլյան այս գործողությունները հիշեցնում են, թե որքան վտանգավոր կարող են լինել ձգձգված հակամարտությունները, հայտնում է Tert.am-ը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության ապրիլյան թեժացմանը` նա հայտարարել է, թե «այդ աննախադեպ էսկալացիայից» առաջ իրենք զգուշացրել էին, որ ստատուս քվոն հնարավոր չէ պահել: «Մեծածավալ բախումներից զերծ մնալու համար փոքր քայլ էր ընդամենը պակասում, ուստի մենք ավելացնում ենք մեր ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Չափազանց մեծ տառապանք են մարդիկ կրել. հակամարտությունը շարունակում է վտանգ սպառնալ մեր հարևանությանը և խոչընդոտում է երկու երկրների և ողջ տարածաշրջանի զարգացմանը»,-ասել է նա՝ նշելով, որ հարավային Կովկասը կարևոր տարածաշրջան է Եվրոպայի համար. այն խաչմերուկ է և մեծ ներուժ ունի, որը սակայն կասեցվում է անկայունության և պատերազմների պատճառով:

Նա նշել է, որ իր վերջին երկու այցերը Հայաստանի և Ադրբեջանի մայրաքաղաքներ հստակորեն ուրվագծել են իր համար, որ լայնածավալ հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում և ոչ մի լավ տեղ չի կարող հասցնել: Մոգերինին ասել է, որ այս էսկալացիայի պատճառով մեծաթիվ մարդիկ են զոհվել, այդ թվում նաև՝ քաղաքացիական բնակչությունից:

«Ե՛վ Բաքվի, և՛ Երևանի հայտարարությունից պարզ է դառնում, որ լուրջ վտանգներ կան, եթե իրավիճակը արագորեն չհանդարտեցվի: Ապրիլի 2-ին կոչ եմ արել դադարեցնել կրակը և պահպանել հրադադարը, զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են էսկալացիայի հանգեցնել: Վերահաստատել եմ օժանդակությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին որպես հակամարտության, կարգավորման համաձայնեցված ձևաչափին»,-ասել է նա և նշել, թե բացի այն, որ կառուցողական զրույցներ է ունեցել ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, նաև իրենց հատուկ ներկայացուցիչն այս շաբաթ այցելելու է տարածաշրջան:

ԵՄ նոր գերագույն հանձնակատարը նշել է, թե էսկալացիան էլ ավելի պարզորոշ է դարձնում, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Եվրախորհրդարանի անդամ Ֆրենկ Էնգելը, դիմելով ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, ասել է, որ ԼՂ ստատուս քվոն կավելացնի բռնության ծավալը: «Հատկապես մեկ պատճառով, որովհետև Ադրբեջանն այսօր մնում է ագրեսոր, ինչպես ագրեսոր էր 24 տարի առաջ: Նա շարունակել է խախտել հրադադարը ավելի փոքր մասշտաբով և շատ երկար ժամանակով և դա անում է, որովհետև համոզված է, որ բոլոր հայերն այդ տարածաշրջանում պետք է անհետանան»,-ասել է նա և հավելել, թե այդ պատճառով էլ Մինսկի խմբի համանախագահների որևէ առաջարկ չի ընդունում և չի ուզում որևէ փոխզիջման գնալ:

«Ինչպես հայերը չեն ուզում այլևս փոխզիջում անել մի երկրի, որը հերոսացնում է Ռամիլ Սաֆարովին, դաժան մարդասպանին, ով վերադարձվում է այդ երկրին, և որը չպետք է տեղի ունենար: Միակ բանը, որ այս դեպքում պետք է տեղի ունենա, ԼՂՀ ճանաչումը կլինի»,-ասաց նա:

Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան ԵԽԽՎ նիստին հայտարարել է, թե ինքը տարիներ շարունակ բացառապես սատարում է Լեռնային Ղարաբաղին և բացատրեց թե ինչու: «Բոլշևիկյան միությունը արհեստականորեն Ղարաբաղը միացրեց Ադրբեջանին՝ «բաժանիր, որ տիրես սկզբունքով». չսատարել ՀՀ-ին և Ղարաբաղին՝ կնշանակեր կողմ արտահայտվել դաժան ազգայնական սովետական քաղաքականությանը»,-ասաց նա:

Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին կոչ են անում հրադադարը խախտելու քննության մեխանիզմ ներդնել. նա շեշտեց, որ Հայաստանը համաձայն է քննարկել այս հարցը, և ԵԱՀԿ-ն կոչ է անում նաև նույնն անել Ադրբեջանին:

Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թիոչերսը հայտարարել է, որ պետք է Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառել: «Մենք պետք է Բաքվի դեմ սանկցիաներ կիրառենք՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ հարձակվելու համար: Մենք պետք է աջակցենք ԼՂ ժողովրդին, որը պարզապես պայքարում է իր ազատության համար. նրանք ուղղակի չեն կարող ստատուս քվոյի անարդար իրավիճակում մնալ։ Մենք պետք է գնանք Լեռնային Ղարաբաղի ճանաչման և Բաքվի դեմ սանկցիաների կիրառման ճանապարհով»,-ասել է նա։

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 75 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---