Էներգետիկայի փոխնախարար. ՀՀ-ն առաջին անգամ էլէներգիայի տարանցիկ երկիր կդառնա

Էներգետիկայի փոխնախարար. ՀՀ-ն առաջին անգամ էլէներգիայի տարանցիկ երկիր կդառնա

PanARMENIAN.Net - Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի էներգետիկայի նախարարները և Վրաստանի փոխնախարարը Երևանում ստորագրել են Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի ստեղծման ճանապարհային քարտեզը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Ինչպես փաստաթղթի ստորագրումից հետո նշել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, «ճանապարհային քարտեզը» նախանշում է այն քայլերը, գործողություններն ու ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն մինչև 2019 թ., երբ կգործարկվի Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքը:

Արեգ Գալստյանը հայտնել է լրագրողներին, որ Հայաստանն առաջին անգամ հանդես կգա որպես էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր Իրանի և Վրաստանի միջև: Ըստ նրա, առայժմ խոսքը փոքր ծավալների մասին է: «Երկու երկրները ունեն սեզոնային ավելցուկ, և պայմանավորվածության համաձայն, կկատարվի ավելցուկի փոխանակում, որի համար Հայաստանը կտրամադրի իր ցանցերը: Կարծում եմ, սա փայլուն գործարք է, այդ թվում նաև մեզ համար»,-ասել է Գալստյանը:

Համապատասխան հուշագիրը ՀՀ, Վրաստանի և Իրանի միջև ստորագրվել էր դեռ 2007 թվականին:

Խոսելով ծավալների մասին, Գալստյանը նշել է, որ դեռևս հնարավորությունները փոքր են, քանի որ Վրաստանի հետ գործող ԷՀԳ-ն թույլ է տալիս փոխանցել միայն 200-250 ՄՎտ էլեկտրաէներգիա, իսկ Իրանի հետ, հաշվի առնելով գազ էլեկտրաէներգիայի դիմաց պայմանավորվածությունները, սահմանափակ են:

«Երկրների միջև էլեկտրահաղորդման գծերի մի մասն արդեն իրականացման փուլում է, ինչը թույլ կտա ապահովել տարածաշրջանային համագործակցությունն ու 4 երկրի էներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքը, ինչպես դա եղել է խորհրդային տարիներին»,-ասել է Գալստյանը:

Նա հավելել է, որ ՀՀ և Իրանի միջև արդեն իրականացվում է ԷՀԳ շինարարություն Իրանի ֆինանսավորմամբ, ինչպես նաև բարձրավոլտ ԷՀԳ է կառուցվում ՀՀ և Վրաստանի միջև KfW բանկի վարկային միջոցներով: Ըստ նրա, KfW բանկը տրամադրել է «մեղմ» վարկ, որն առաջին փուլում կկազմի 107 մլն եվրո, իսկ երկրորդ` մոտ 70 մլն եվրո:

Ըստ նրա, փաստաթղթով նախատեսվում են անհրաժեշտ իրավական համաձայնագրեր, աշխատանքների իրականացման ժամանակացույցեր, ինչը թույլ կտա կազմակերպել բոլոր ցանցերի համատեղ աշխատանքն ու ապահովել ծանրաբեռնվածությունը:

Նա նշել է, որ միջանցքի գործարկումից հետո նախատեսվում է օգտագործել այն տարբեր ծրագրերում, առաջին հերթին, ապահովել սեզոնային փոխհոսքեր, սվոպեր և էլեկտրաէներգիայի փոխանակում երրորդ երկրի տարածքով տարանցման միջոցով: Ըստ նրա, սա նաև լրացուցիչ խթան կհանդիսանա տարբեր ծրագրերի կազմակերպման նպատակով մասնավոր հատվածին առաջարկելու համար:

«Նախատեսվում է, որ Հյուսիս-Հարավի լիարժեք գործարկումից հետո միջանցքի հզորությունը կհասնի 1000 ՄՎտ»,-ասել է Գալստյանը:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը, Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը, Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Իլյա Էլոշվիլին։

2015 թվականի դեկտեմբերի 23-ին Երևանում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են չորս երկրների էլեկտրաէներգետիկական ոլորտի համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Խոսքը մասնավորապես վերաբերում էր տարածաշրջանային այնպիսի ծրագրերին, որոնք կարող են պայմաններ ստեղծել միավորելու չորս երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերը՝ բարձրացնելով փոխհոսքերի կառավարման մակարդակը, ինչպես նաև էլեկտրաէներգետիկ համակարգերի աշխատանքի գործունեության արդյունավետությունը, անվտանգությունն ու հուսալիությունը։

Հերթական քառակողմ հանդիպման ժամանակ ներկայացվել է նախորդ հանդիպումից հետո համակարգող խորհրդի կողմից կատարված աշխատանքների ընթացքը, ուղենշվել են հետագա անելիքները։ Քննարկումների ավարտին ստորագրվել է երեք փաստաթուղթ՝ Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի ձևավորման նախաձեռնության իրականացման նպատակով անհրաժեշտ ճանապարհային քարտեզը, հանդիպման Արձանագրությունը և Փոխըմբռնման հուշագիր։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---