ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը դադարեցնելու մասին նախագիծ է ներկայացվել ԱԺ

ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը դադարեցնելու մասին նախագիծ է ներկայացվել ԱԺ

PanARMENIAN.Net - «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ օգտվելով օրենքով նախատեսված ընթացակարգերից, ապրիլի 13-ին Ազգային ժողով է ներկայացրել «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը: Հայտարարության նախագծի մեջ մասնավորապես ասվում է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս մեկ տարվա ընթացքում, փաստացիորեն, չեն իրականացվել այն քայլերը, որոնք նախատեսվում էին 2015թ. հունվարի 2-ից ուժի մեջ մտած ՀՀ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրով նախատեսված դրույթները՝ մասնավորապես.

-չի արձանագրվել որևէ առաջընթաց Կողմերին ու դրանց ժողովուրդներին միավորող բարեկամական հարաբերությունները և դրանց բարգավաճումն ապահովելուն ուղղված քայլերում, -տեսանելի չեն առավել սերտ ինտեգրում խթանելու ու Կողմերի տնտեսությունների միջև կապերի սերտացումը ժողովուրդների սոցիալական առաջընթացի և բարեկեցության բարելավման նպատակով կատարվող քայլերը։

Ընդհակառակը՝ համաձայն ՀՀ Վիճակագրական ծառայության 2015թ. հետազոտությունների արտահանումը կրճատվել է 4.7%-ով, ընդ որում, արտահանումը հատկապես նվազել է դեպի ՌԴ` 28.1%-ով և Եվրասիական տնտեսական միության մյուս երկրներ՝ Բելառուս՝ 41.9%-ով, Ղազախստան՝ 30.1%-ով: Ներմուծումը 2015թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում նվազել է 26.2%-ով»:

Նշվում է նաև, որ ՀՀ-ի ԵՏՄ անդամակցությունը ոչ միայն տնտեսական զարգացում չապահովեց, այլ ՀՀ-ն տարավ տնտեսական մեկուսացման՝ նվազեցնելով օտարերկրյա ուղղակի ներդրումները։ Ավելին, այս միությանը ՀՀ-ի անդամակցությունը չավելացրեց նաև անվտանգության բաղադրիչը՝ զրկելով Հայաստանի Հանրապետությանը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ անվտանգության այլընտրանք ունենալու հնարավորությունից։

«ԵՏՄ պայմանագրով նաև շեշտվում է, որ այն տնտեսական միություն է, սակայն ԼՂՀ-ի նկատմամաբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի օրերին ԵՏՄ անդամ-պետությունները հրաժարվեցին Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակցությունից և նիստը տեղափոխվեց Մոսկվա։ Երևանյան նիստի չեղարկումը պատճառաբանվում էր այն հանգամանքով, որ ռազմական գործողությունների ֆոնին նիստի անցկացումը Երևանում կնեղացնի Ադրբեջանին։ Փաստացիորեն, ՀՀ-ի, ԼՂՀ-ի և համայն հայության համար այս օրհասական պահին ԵՏՄ անդամ-պետությունները նման քայլով սպասարկեցին այդ կառույցի անդամ չհանդիսացող Ադրբեջանի քաղաքական շահը՝ ոտնահարելով այդ կառույցի լիիրավ անդամ Հայաստանի Հանրապետության պետական շահը։ ԵՏՄ անդամ-պետությունների նման պահվածքն անընդունել է և ևս մեկ անգամ վկայում է, որ այն ոչ թե տնտեսական, այլ ավելի շատ ոչ արդյունավետ տնտեսա-քաղաքական միություն է։

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, առաջարկել ՀՀ nախագահին և kառավարությանը սկսել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դադարեցման գործընթաց»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայությունը:

Ապրիլի 8-ին Երևանում կայանալիք Եվրասիական միության անդամ երկրների վարչապետների հավաքը չկայացավ, քանի որ Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը հրաժարվեց մասնակցել երևանյան նիստին: Ռուսաստանը համաձայնեց Մոսկվայում նիստն անցկացնելու Ղազախստանի առաջարկին: Եթե ԵՏՄ անդամ-երկրներից մեկը հրաժարվում է մասնակցել վարչապետների խորհրդի նիստին, ապա նիստը չի կայանում կամ տեղափոխվում է:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ:

Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 77մարտական կորուստ, 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---