Նալբանդյանը՝ Բաքվի ռազմական ձախողման, հայ-ռուսական հարաբերությունների ու ԵՏՄ-ի մասին

Նալբանդյանը՝ Բաքվի ռազմական   ձախողման, հայ-ռուսական հարաբերությունների ու ԵՏՄ-ի մասին

PanARMENIAN.Net - Բանակցային գործընթացում տապալվելուց հետո Ադրբեջանը փորձ է արել ռազմական ճանապարհով լուծել հիմնախնդիրը, բայց կրկին ձախողվել է: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Հանրային հեռուստաընկերության«Հանրային օրակարգ» հաղորդման տաղավարում՝ անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկված լայնածավալ ռազմական գործողությունների պատճառներին:

«Կարծում եմ՝ գլխավոր բացատրությունն այն է, որ Ադրբեջանը ձախողվել է բանակցային գործընթացում: Եթե ժամանակին ձախողվել էր ռազմական դաշտում, ապա փորձել է հաջողության հասնել բանակցությունների միջոցով, բայց ձախողվել է: Հայտնվելով մի իրավիճակում, երբ բանակցություններում արդեն ասելու բան չունի, մի իրավիճակում, երբ ստիպված էր անգամ հրաժարվել եռանախագահների հետ հանդիպումից, դիմեց ռազմական գործողությունների:

Տարիներ շարունակ Ադրբեջանն իր սպառնալիքներն էր հնչեցնում, տարիներ շարունակ բոլորը կոչ էին անում հարգել հրադադարը: Չնայած դրան, Բաքուն ձևացնում էր, որ դա իրեն չի վերաբերում: Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, թե ով է սկսել այս գործողությունները: Բոլոր դեպքերում այն զրույցների ընթացքում, որոնք ես ունեցել եմ իմ գործընկերների հետ, որևէ մեկի մոտ կասկած չի եղել, որ հենց Ադրբեջանն է սկսել այդ գործողությունները»,- պարզաբանել է արտգործնախարարը:

Նալբանդյանի խոսքով, Ադրբեջանին չի հաջողվել լուծել ռազմական գործողություններից առաջ իր առջև դրված ոչ նվազագույն, ոչ էլ առավելագույն խնդիրները, գրում է Panorama.am-ը:

«Հիմա ստիպված կլինի վերադառնալ բանակցային գործընթաց, նստել բանակցությունների սեղանի շուրջ ու շարունակել բանակցությունները: Իհարկե, բանակցություններ վերսկսելն այդքան հեշտ չէ, պետք է համապատասխան պայմաններ ապահովել և եռանախագահների ջանքերն ուղղված են հենց դրան»,- նկատել է նա:

Անդրադառնալով ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականցված վայրագություններին, Նալբանդյանը տեղեկացրել է, որ դրանք իրավական հարթություն տեղափոխելու և միջազգային հանրությանը ներկայացնելու գործընթացը մեկնարկել է:

«Այսօր արդեն փաստեր են ներկայացվել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակ, համապատասխան նամակ է ուղարկվել: Բնականաբար, այս գործընթացը շարունակվելու է»,-ասել է նախարարը:

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին Նալբանդյանն ասել է.

«Հայ-ռուսական հարաբերությունները բիզնես հարաբերություններ չեն, միայն խոսքով դաշնակցային հարաբերություններ չեն, դրանք նաև իրավապայմանագրային հիմքեր ունեն: Սա ակնհայտ է բոլորի համար, ներառյալ՝ Ադրբեջանի»:

Ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների խորքայնությունը՝ Նալբանդյանն ասել է. «Ադրբեջանը չէ, որտեղ տեղակայված է ռուսաստանյան ռազմական բազան, Ադրբեջանը չէ, որ ՀԱՊԿ-ի անդամ է, Ադրբեջանը չէ, որը, ի տարբերություն Հայաստանի, ունի տասնյակ պայմանագրեր Ռուսաստանի հետ, որոնք վերաբերում են պաշտպանության և ռազմարդյունաբերական ոլորտներին: Ադրբեջանը չէ, որ ստորագրել է Ռուսաստանի հետ հայտնի «5-րդ արձանագրությունը»: Այս շարքը կարելի է շարունակել»:

Ինչ վերաբերում է շփման գծում Ադրբեջանի ձեռնարկած գործողությունների հետ կապված ԵՏՄ անդամ մյուս երկրների ցուցաբերած չեզոքությանը, նախարարը նշել է, որ շուտով մեզ մոտ նախատեսվում է ՀԱՊԿ-ի արտգործնախարարների հանդիպում և այդ հարցը նորից բարձրացվելու է:

«ՀԱՊԿ-ի շրջանակներում կառույցի գագաթաժողովները և արտգործնախարարների խորհուրդները բազմիցս հայտարարություններ են արել, որոշումներ են ընդունել, որտեղ հստակ նշված է ՀԱՊԿ անդամ երկրների մոտեցումը, դիրքորոշումը հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Խոսքը գնում է եռանախագահող երկրների ջանքերի աջակցության, հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման մասին՝ հայտնի երեք սկզբունքների հիման վրա, եռանախագահող երկրների ղեկավարների հինգ հայտնի հայտարարությունների աջակցության մասին: Շատ հստակ է դա:

Եթե այդ անդամ երկրներից որևէ մեկն ինչ-որ տեղ սայթաքում է անում կամ այլ դիրքորոշումներ է արտահայտում, ապա այդ շրջանակներում մենք հիշեցնում ենք, որ ունենք ընդհանուր՝ նախագահների մակարդակով կոնսենսուսով ընդունված մոտեցումներ, և անգամ այդ ընդունված որոշումների հիման վրա հանձնարարականներ են տրված անդամ երկրների դեսպաններին, որպեսզի գործեն դրա հիման վրա՝ նկատի ունենալով վերոհիշյալ մոտեցումները»,- ասել է Նալբանդյանը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ:

Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ:

Ապրիլի 2-ից 5-ը հայկական ԶՈւ-ն մարտական 77 կորուստ է ունեցել, 15՝ ոչ մարտական: 122 զինծառայող վիրավորվել է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---