Ադրբեջանական կողմը հայտնել է կրտսեր սերժանտի կորստի մասին

Ադրբեջանական կողմը հայտնել է կրտսեր սերժանտի կորստի մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանական լրատվամիջոցները ապրիլի 14-ին հայտնել են, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանցի զինծառայող է զոհվել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Զոհվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ժամկետային ծառայության կրտսեր սերժանտ Ահմեդով Ռուստամ Օրուջ օղլուն, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Որպես պատճառ նշվում է «հայկական կողմի հերթական սադրանքի կասեցումը»:

Մինչդեռ, ինչպես ավելի վաղ արդեն հայտնել էր ԼՂՀ ՊՆ-ն, ապրիլի լույս 14-ի գիշերվա ընթացքում արձանագրվել է նաև դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Ժամը 04:55-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատների կողմից հարավային ուղղությամբ ձեռնարկված գործողությունը ժամանակին հավաստանշվել է հայ դիրքապահների կողմից և հետ շպրտվել:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել կրակի դադարեցման շուրջ կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ:

Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 77մարտական կորուստ, 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---