14  15.04.16 - ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստը

ԱԺ պատգամավորը՝ ռուս գործընկերներին. Բաքվին վաճառված հարձակողական զենքը սպառնում է ՀԱՊԿ-ին

ԱԺ պատգամավորը՝ ռուս գործընկերներին. Բաքվին վաճառված հարձակողական զենքը սպառնում է ՀԱՊԿ-ին

PanARMENIAN.Net - Ադրբեջանին վաճառված հարձակողական սպառազինությունը լուրջ սպառնալիք է դարձել ՀԱՊԿ անդամ ՀՀ-ի և առհասարակ ՀԱՊԿ-ի համար: Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստին ասել է հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Սովորաբար ռուս գործընկերների հետ հանդիպումների ժամանակ մեր պատգամավորները խոսում են ռուսերեն: Այսօր աշխատանքային լեզուն ԱԺ-ում հայերենն էր՝ ռուսերեն թարգմանությամբ:

Նահապետյանը նախ առաջարկել է ոտքի կանգնել և 1 րոպե լռությամբ հարգել Արցախում զոհված հայ զինծառայողների հիշատակը: Ապա շարունակել է.

«Ինչպես գիտեք, ապրիլի 2-5-ը Ադրբեջանը նախապես պլանավորված լայնամասշտաբ ռազմական գործողություններ է իրականացրել ԼՂՀ-ի նկատմամբ: Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են զինուժ, ծանր հրետանի և զրահատեխնիկա, այդ թվում նաև՝ ՌԴ-ից ձեռք բերված Սմերչ և ՏՕՍ-1 համակարգեր: 94-ի զինադադարի հաստատումից հետո նման մասշտաբի ռազմական գործողություններ չէին իրականացվել:

Ադրբեջանական ագրեսիան ԼՂՀ ժողովրդի նկատմամբ ստեղծել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ՝ ամբողջ տարածաշրջանի համար: Մենք բազմիցս հնչեցրել ենք մեր մտահոգությունները Ադրբեջանի՝ հնարավոր ռազմական ագրեսիայի վերաբերյալ՝ հաշվի առնելով հարձակողական սպառազինության մեծաքանակ ձեռքբերումը, պաշտոնական մակարդակով ուժի կիրառման սպառնալիքները, բանակցային գործընթացում այդ երկրի ապակառուցողական քայլերը:

Թեև ապրիլի 5-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակի դադարեցման մասին, սակայն ադրբեջանական կողմը շարունակում է խախտել այն՝ օգտագործելով ականանետեր, նռնականետեր և դիպուկահարներ», - ասել է Նահապետյանը, մեջբերում է Aravot.am-ը:

Նահապետյանի խոսքով, նշանակալի են կրակի դադարեցման պայմանավորվածության հարցում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, սակայն նկատել է. «Միևնույն ժամանակ ՌԴ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների անհեռատես և անզգույշ հայտարարություններն արդարացիորեն բացասական արձագանք են ստացել հայ հասարակության շրջանում»:

Նահապետյանը հիշեցրել է ռազմական հավասարակշռության պահպանման մասին. «Ադրբեջանին վաճառված հարձակողական սպառազինությունը լուրջ սպառնալիք է դարձել ՀԱՊԿ անդամ ՀՀ-ի և առհասարակ ՀԱՊԿ-ի համար: Եթե այսօր չկարողանանք ճիշտ գնահատել սպառնալիքները, վաղը հնարավոր է ունենանք տարածաշրջանի համար անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ»:

Նա նաև նշել է, որ այն վայրագությունները, որոնք Ադրբեջանի ԶՈՒ-ն իրականացրել է Արցախի ժողովրդի նկատմամբ, ոչնչով չեն տարբերվում իսլամական պետության և այլ ահաբեկչական կազմակերպությունների գործելակերպից. «Վայրագությունները հասել են այն աստիճանի, որ Ադրբեջանի հրոսակախմբերը կտրել են մարդկանց գլուխներն ու ականջները, անարգել զոհված զինծառայողների մարմիններ և այդ ամենը տարածել սոցիալական ցանցերում՝ հրամցնելով սեփական հանրությանը: Ցավով պիտի արձանագրեմ, որ միջազգային հանրությունը հանդես չեկավ հասցեական հայտարարություններով»:

Այս բոլոր քննադատությունները լսելով՝ ՌԴ համապատասխան կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը իր խոսքում որևէ կերպ չի չանդրադարձել դրանց՝ պատմելով, թե այս տարիների ընթացքում ՌԴ-ն ու ՀՀ-ն ինչ լավ են գործակցել, քանի համալսարան են բացել:

Նիստի շարունակությունը դռնփակ էր: Համատեղ նիստի օրակարգում քննարկելու են Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակը, զարգացումները, մարտահրավերներն ու սպառնալիքները, ՀՀ և ՌԴ-ի միջև ռազմատեխնիկական և ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության և միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության և այլատյացության դրսևորումների հարցը:

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծաքանակ սպառազինության վաճառքի հարցը դարձել է հայ-ռուսական հրապարակային տարաձայնությունների առարկա: Ավելի վաղ Երևանում ընդունելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ նախագահ Սերժ Սարգսյանը հիշեցրեց՝ ռուսական այդ զենքով հակառակորդը սպանում է նաև երեխաների: «Վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից», - Մեդվեդևի հետ զրույցում ասել է Սերժ Սարգսյանը:

Մի քանի օր անց ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում Դմիտրի Ռոգոզինը տարակուսանք էր հայտնել հակամարտող կողմերին զենք վաճառելու շուրջ ծագած դժգոհության առնչությամբ՝ դա անվանելով «դեմագոգիա» և «լալկան նվնվոց»:

ԱԺ փոխնախագահ. Ռոգոզինի պատասխանը Բաքվին զենք վաճառելու քննադատությանը կոպիտ է և անընդունելի

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---