ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար. Բաքվի բարբարոսությունները պատերազմական հանցանքների են բնորոշ

ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար. Բաքվի բարբարոսությունները պատերազմական հանցանքների են բնորոշ

PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես է եկել հայտարարությամբ` Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Դեսպանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին լայնածավալ հարձակման ընթացքում ադրբեջանական ուժերի կանխամտածված թիրախ են դարձել քաղաքացիական բնակավայրերը և խաղաղ բնակչությունը, այդ թվում՝ երեխաներն ու ծերերը: Առաջին զոհերից էր 12 տարեկան Վաղինակ Գրիգորյանը, որը սպանվել է իր դպրոցի առաջ «Գրադ» կայանքի հրթիռակոծության հետևանքով, իսկ ևս երկու դպրոցական վիրավորվեցին:

Անդրադարձ է կատարվել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում Խալափյանների ընտանիքի երեք անդամների, այդ թվում՝ 92-ամյա Մարուսյա Խալափյանի խոշտանգմանը և դաժան սպանությանը: ՀՀ դեսպանը նշել է, որ զինվորականներ Հայկ Թորոյանը, Հրանտ Ղարիբյանը և Քարամ Սլոյանը գլխատվել էին ադրբեջանցի զինվորականների կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը բնորոշ ոճով:

Ադրբեջանական սոցիալական ցանցերը լի էին խոշտանգված հայ զինվորականների լուսանկարներով: Կարմիր Խաչի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ տեղի ունեցած զոհվածների մարմինների փոխանակումից հետո արձանագրվել է, որ հայ զինվորականների մարմինները կրում էին դիակապտության հետքեր:

Դեսպան Կիրակոսյանն ընդգծել է, որ նման բարբարոսական արարքները հակասում են քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերին և իրենցից ներկայացնում են հիմնարար միջազգային փաստաթղթերի, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի, Ժնևի կոնվենցիաների և դրանց Լրացուցիչ արձանագրությունների խախտումներ, և կրում են պատերազմական հանցանքներին բնորոշ բոլոր գծերը:

Արման Կիրակոսյանը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բացել են քրեական գործեր՝ հետաքննելու համար իրականացված ջարդերի բոլոր հանգամանքները: Ուշադրություն է հրավիրվել ԵԱՀԿ-ում պաշտոնապես տարածված Արցախի Գլխավոր դատախազության տեղեկատվությանը, որը պարունակում է մանրամասն տվյալներ զոհված և վիրավորված քաղաքացիական անձանց մասին:

Հայկական կողմը կարևորել է կատարված հանցանքների դատապարտումը և դրանց իրականացնողներին պատասխանատվության ենթարկումը:

ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Բնակչության և զարգացման հարցերով հանձնաժողովի` Նյու Յորքում կայացած 49-րդ հանդիպման շրջանակում հայկական ներկայացուցչության դիվանագետ Սոֆյա Սիմոնյանն ասել է, որ ապրիլի 10-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ներկայությամբ կայացած զոհված զինվորների մարմինների փոխանակման ժամանակ արձանագրվել է, որ ադրբեջանական կողմից փոխանցված մարմինները եղել են խոշտանգված ու անարգված:

«Նման գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքները։ Դրանք ոչնչով չեն տարբերվում «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների դրսևորած վարքագծից»,-ասել է հայ դիվանագետը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---