Ուրուգվայը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում դեպքերի զարգացմանը

Ուրուգվայը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում դեպքերի զարգացմանը

PanARMENIAN.Net - Ուրուգվայում Հայաստանի պատվո հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը և Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Կելլենջյանը հանդիպում են ունեցել Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի հետ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հյուպատոսն ու Հայոց թեմի առաջնորդը հայ համայնքի անունից իրենց մտահոգությունն են հայտնել Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում վերջին շաբաթներին տեղի ունեցած արյունալի իրադարձությունների վերաբերյալ: Նրանք հանգամանալից տեղեկություններ են փոխանցել նախարարին, որն ընդգծել է, որ Ուրուգվայը ուշադիր հետևում է դեպքերի զարգացմանը, պահպանելով զգուշավոր և հավասարակշռված դիրքորոշում՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ: Հյուպատոսն ու Հայոց թեմի առաջնորդը հանդիպումներ են ունեցել նաև Ուրուգվայում Ռուսաստանի դեսպանի և Ֆրանսիայի դեսպանության քաղաքական հարցերով պատասխանատուի հետ:

Ապրիլի 13-ին Ուրուգվայի Ազատության հրապարակում բողոքի ցույց տեղի ունեցավ ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի: Ցույցը տեղի է ունեցել ՀՅԴ և ՍԴՀԿ ավանդական կուսակցությունների նախաձեռնությամբ: Բազմաթիվ ուրուգվահայերի հետ մեկտեղ ցույցին մասնակցել է նաև Ուրուգվայի զբոսաշրջության հայազգի նախարար Լիլիան Քեշիշյանը: Ապրիլի 5-ին Ուրուգվայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել ԼՂ շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ` «կոչ անելով կողմերին հարգել հրադադարի համաձայնագիրը, վերջ դնել ռազմական գործողություններին, նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում և ուղիներ փնտրել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երկխոսության միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»:

Ընթերցեք նաև. Բողոքի ցույց Ուրուգվայում` ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---