Ազատ ոճային Գառնիկ Մնացականյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Ազատ ոճային Գառնիկ Մնացականյանն  Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

PanARMENIAN.Net - Սերբիայի Զրենյանին քաղաքում մեկնարկել է Օլիմպիական խաղերի վարկանիշային ըմբշամարտի մրցաշարը:

Ապրիլի 15-ին մրցագորգ էին դուրս եկել ազատ ոճային ըմբիշներ Գառնիկ Մնացականյանը (57 կգ), աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը և 2016 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, 59 կգ քաշային Ռոման Ամոյանը:

57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը հաղթանակով է մեկնարկել՝ 1/8 եզրափակչում 6:4 հաշվով առավելության հասնելով իտալացի մրցակցի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Մնացականյանը դիտարժան գոտեմարտում տուշեով հաղթել է թուրք Սուլեյման Աթլիին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը 5:3 հաշվով հաղթել է մոլդովացի Անատոլի Բուրուիանին և դուրս եկել եզրափակիչ:

65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը 1/8 եզրափակչում 10:0 հաշվով առավելության է հասել հունգարացի Նորբերտ Լուկաշիի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ մարզիկն ուժեղ էր ռումինացի Գեորգ Բուչուրից (9:0): Սակայն Սաֆարյանին չի հաջողվել հաղթահարել կիսաեզրափակչի արգելքը, որտեղ նա 2:7 հաշվով պարտվել է Լեհաստանի ներկայացուցիչ Մոգամեդմուրադ Գաջիևին: Նա կպայքարի բրոնզե մեդալի համար:

Ռոման Ամոյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8:0 հաշվով պարտության մատնեց ռումինացի մրցակցին, սակայն 1/8 եզրափակչում 0:5 հաշվով զիջել է բուլղարացի Ալեքսանդր Կոնստանդինովին և լքել պայքարը:

Սա առաջին վարկանիշային մրցաշարն է, որտեղ Օլիմպիական ուղեգրեր նվաճում են միայն եզրափակչի մասնակիցները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---