ԱՄՆ-ի հայ համայնք. Պահանջելու ենք վերականգնել Ադրբեջանին օգնությունն արգելող բանաձևը

ԱՄՆ-ի հայ համայնք.  Պահանջելու ենք վերականգնել Ադրբեջանին օգնությունն արգելող բանաձևը

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների հայ համայնքը օգտագործում է ամերիկյան ժողովրդավարության կողմից ընձեռված բոլոր միջոցները՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար: Այս մասին պատմում են ԱՄՆ-ի ազդեցիկ հայկական կազմակերպությունների՝ Ամերիկայի հայկական համագումարի և Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները:

Վաշինգտոնի հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշում է.

«Եթե մենք մեր գործի բաժինը լավ կատարենք և պաշտպանենք Հայաստանը, ապա, հույս ունեմ, մեզ կհաջողվի կանխել հակամարտությունները և թույլ չտալ, որ մարդիկ զոհվեն»:

Համբարյանն ընդգծում է, որ Ամերիկայի հայ համայնքը միասնական է՝ հայ-ամերիկյան կապերի ամրապնդման գործում՝ ԱՄՆ-ի իշխանություններին նամակներ և դիմումներ ուղղելով և Լեռնային Ղարաբաղի բնակիչներին օգնելու համար գումարներ հավաքելով, հաղորդում է «Ամերիկայի Ձայն»-ը:

Ամերիկայի հայ դատի հանձնախումբն իր կողմից նախատեսում է դիմել երկրի օրենսդիր և գործադիր իշխանություններին՝ պահանջելով վերականգնել Ադրբեջանին օգնությունն արգելող 907 բանաձևը և ամերիկյան փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ, որը կպարզի տեղի բնակիչներին հասցված վնասը և դրա փոխհատուցման միջոցները:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին նշում է, որ ԱՄՆ-ի հայ համայնքը օգտագործելու է ժողովրդավար հասարակության յուրաքանչյուր հնարավորություն՝ իրավիճակը կարգավորելու և խաղաղություն հաստատելու նպատակով:

Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում Միացյալ Նահանգներին վերականգնել 907 բանաձևը և տեղում մարդու իրավունքների խախտումների հետաքննություն անցկացնել.

«Մենք պահանջելու ենք, որ տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումները մանրամասն հետաքննվեն և ուժեղացվի Մինսկի խմբի դերը, որն Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ կվերադարձնի»:

Արդունիի խոսքով, Սփյուռքի կազմակերպությունները գործում են նաև անհատապես՝ յուրաքանչյուրն իր ոլորտում փորձելով արդյունքների հասնել:

Միացյալ Նահանգների գործադիր իշխանության ներկայացուցիչներն իրենց կողմից բազմիցս ընդգծել են, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով՝ հարգելով միջազգային իրավունքի սկզբունքները:

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնաժողովը նամակ է հղել նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով համապատասխան քայլեր ձեռնարկել 1994 թ. հրադադարի մասին պայմանագրից հետո Ադրբեջանի լայնածավալ հարձակման կապակցությամբ:

«Կոչ ենք անում Ձեզ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, կասեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը, տրամադրել Լեռնային Ղարաբաղին արտակարգ իրավիճակներում նախատեսված օգնություն, Պետդեպի փաստահավաք առաքելություն գործուղել` գնահատելու համար ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավերածությունների վերականգնման աշխատանքերը»,-ասվում է նամակում:

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ՀՀ հետ հարկային նոր պայմանագիր կնքել

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---