Հակառակորդի խոցված ուղղաթիռից փաստաթղթեր. ԼՂՀ տարածքում 9 նշանակետ էր թիրախավորված

Հակառակորդի խոցված ուղղաթիռից փաստաթղթեր. ԼՂՀ տարածքում 9 նշանակետ էր թիրախավորված

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունում ապրիլի 16-ին լրատվամիջոցներին ներկայացվել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում` ԼՂՀ տարածքի հարավ-արևելքում մոտ 1 կմ խորացած և հայկական կողմից խոցված ադրբեջանական ՄԻ 24G ուղղաթիռի անձնակազմից վերցրած փաստաթղթերը, որոնց զննման արդյունքով ակնհայտ է դարձել, թե թշնամին ինչ նպատակներ է ունեցել:

«Առաջինն հերթին ուզում եմ ցույց տալ և ապացուցել, որ խոցված ուղղաթիռն իրականում հենց ՄԻ 24G է, կողային համարը` 305, որը ռուսական ՄԻ 24-ի մոդեռնիզացված տարբերակն է, մոդեռնիզացվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, իսկ սպառազինության, կառավարվող հրթիռների մասով մոդեռնիզացվել է Ուկրաինայում: Տվյալ ուղղաթիռը հնարավորություն ունի կիրառել Ուկրաինայում թողարկված լազերային ուղղորդմամբ, մինչև 7.5 կմ հեռահարությամբ հակատանկային միջոցներ, ոչ կառավարվող ավիացիոն հրթիռներ` քանակով մինչև 80 միավոր, Հարավաֆրիկյան Հանրապետությունում արտադրված հրանոթ, որը կարող է կիրառել մինչև 800-850 արկ»,- պարզաբանել է Զինված ուժերի ավիացիայի վարչության պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը՝ ներկայացնելով փաստաթղթերը:

Դրանց թվում է նաև օդաչուներից մեկի փոքր գրքույկը, որում 2016-ի մարտի 31-ի ամսաթվով գրառումներ են արված: Նշված է, որ թռիչքը իրականացնելու է 305 կողային համարով ուղղաթիռով, Բաքվի տարածքում գտնվող Կալա օդանավակայանից, վերաթռիչք՝ Քյուրդանի ռազմական օդանավակայան: Իրականացրել է շարժիչների երկու թողարկում, մեկը 6 րոպե, մյուսը 11 րոպե ընթացքով և ընդհանուր ծախսել է 148 լիտր ավիակերոսին: Հետագայում իրականացրել է թռիչք դեպի Քյուրդանի օդանավակայան 60 րոպե ժամանակահատվածով և ծախսել է 798 լիտր ավիակերասին: Եվ սկսել են պատրաստվել հաջորդ օրվա թռիչքին: Այն նախատեսված է եղել Քյուրդանի ռազմական օդանավակայանից, վերաթռիչք՝ Ժդանովսկ (Բայլական, Բեյլագան) քաղաքի օդանավակայան: Տվյալ թռիչքը տևել է 35 րոպե և ծախսել է 600 լիտր ավիակերասին:

Ներկայացվել է նաև բանակային ավիացիայի օդաչուների կողմից կիրառվող գաղտնիականացված և ինվենտալ համար ունեցող քարտեզ, որի վրա նշված է` օդաչուն նախօրոք` թռիչքից առնվազն 1-2 օր առաջ ստացել է խնդիրներ մարտական թռիչքներ իրականացնելու մասին:

«Մարտական քարտեզի վրա ցույց է տրված իրենց կողմից հավանական հակառակորդի առաջնագիծը` ԼՂՀ տարածքում 9 նշանակետ: Ամենահեռահար նշանակետը Ֆիզուլի քաղաքի հարավարևելյան մասում է: Ես` որպես օդաչու, կարող եմ զեկուցել, որ տվյալ նշանակետերի կատարումը պետք է իրականացվեր ըստ հերթականության, օրվա խնդրի կատարումից ելնելով: Որպես առաջին խնդիր տրված է եղել առաջնագծից մինչև 3 կմ խորությամբ նշանակետ, իսկ հետագայում նաև մինչև 10 կմ խորությամբ ցամաքային զորքի առաջ գնալուն աջակցելու նպատակով կիրառել բանակային ավիացիան»,- ասել է Մուրադյանը` ավելացնելով` քարտեզը պատրաստված է կամ մարտի 31-ին, կամ ապրիլի 1-ին: Դրա վրա բարձրունքին, որը եղել է ԼՂՀ տարածքում, նշված է ավիանշանառուի դիրք, այսինքն` օդաչուները թռիչքն իրականացնելիս գործակցելու էին առաջնագծում ավիանշանառուների հետ:

Հակառակորդը բանակային ավիացիայի օդաչուների առջև խնդիր է դրել պատրաստ լինել ապրիլի 1-2-ի գիշերը և առավոտյան իրականացնել հարձակողական գործողություններ տվյալ պարագայում ԼՂՀ հարավարևելյան մասում: Ակնհայտ է որ ադրբեջանական կողմն իրականացրել է մարտական գործողությունների նախնական մշակում, օդաչուական անձնակազմի մարտական խնդիրների նախորոշում և նշանակետերի հստակ ցուցում:

ԶՈՒ ավիացիայի վարչության պետի խոսքով, հայկական կողմն ունի նաևսև արկղի բացվածք, որից պարզվել է` օդաչուն թռիչքն իրականացրել է լարված վիճակում.«Արդյունքում, ունենալով կառավարվող հակատանկային և այլ միջոցներ, չի կիրառել դրանք, կիրառել է միայն թնդանոթը, որի օպտիմալ հեռահարությունը մինչև 1 կմ է: Եվ կարևոր է, որ կիրառելով թնդանոթը, օդաչուն ձգանը սեղմած պահել է մոտավորապես 2 րոպե ու հենց այդպես սեղմած վիճակում է ուղղաթիռը խոցվել մեր տղաների կողմից»:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ընդգծել է` ներկայացված տեղեկություններն ու փաստաթղթերն ապացուցում են, որ հակառակորդը ծրագրել էր լայնածավալ գործողություններ, այլապես, օդուժի ներգրավվածություն չէր լինի:

ԶՈւ ավիացիայի վարչության պետն ասվածին ավելացրել է` օդաչուն համարվում է մարտական խնդրի վերջնական օղակի կատարող և, որպես կանոն, խնդիրը ստանում է 1-2 օր առաջ: Այսինքն, եթե հաշվի առնենք բոլոր օղակները` պետության ղեկավար, պաշտպանության նախարար, գլխավոր շտաբ, ավիացիայի հրամանատարություն և այլն, հարձակումը ծրագրվել է առնվազն տասը օր առաջ:Ներկայացված փաստաթղթերից պարզ է դառնում նաև, որ Ժդանովսկ ցատկահարթակում գտնվել է տվյալ էսկադրիլիան ամբողջ կազմով` 12-14 մարտական ուղղաթիռով: Իսկ հայկական կողմը նաև տեղեկություն ունի, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունում Ադրեբեջանը մոդեռնիզացրել է տասը ՄԻ 24G ուղղաթիռ:

Խոցված երկրորդ ուղղաթիռի մասով գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը նշեց, որ Արցախի հյուսիսի ուղղությամբ հակառակորդն իրականացրել է հարձակողական գործողություններ դիվերսիոն հետախուզական խմբերի կազմերով, որոնք մինչև լուսաբաց ընկել են շրջափակման մեջ.«Ուղղաթիռը եղել է ՄԻ 8, որը փորձել է իրականացնել այդ անձնակազմի տարհանում կամ հնարավոր օնգության տրամադրում, այսինքն տվյալ տարածք նաև նոր ուժերի իջեցում: Ուղղաթիռը խոցվել է ԼՂՀ տարածքում, անցնելով մեր դիրքերը մինչև 500 մ խորությամբ: Խոցումից հետո այն իրականացրել է հնարավոր թռիչք մոտավորապես 5 կմ սահմաններում և կատարել վթարային վայրէջք իրենց տարածքում: Իրեղեն ապացույց, ինչպես ունենք ՄԻ 24G-ի դեպքում, այս պահին չունենք»:

Բայց ադրբեջանական մամուլում եղան, այսպես ասած, պատահական խոստովանություններ, որ մատնեցին նրանց. խոսքը հուղարկավորվող օդաչուների թվի մասին է, հավելել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---