«Ական փնտրող ռոբոտներ». Հայտնի են մրցույթի հաղթողները

«Ական փնտրող ռոբոտներ». Հայտնի են մրցույթի հաղթողները

PanARMENIAN.Net - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և «Յուքոմ» ընկերության աջակցությամբ իրականացված «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթում առաջին տեղ է զբաղեցրել «Ականավոր» թիմը, որի կազմում ընդգրված են «ՖայմԹեք» ընկերության անդամներն ու Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողները:

Երկրորդ և երրորդ տեղ են զբաղեցրել Գյումրիից «Անդրոիդ» և «Դիջիթալ քլաուդ» թիմերը: Հաղթողները «Յուքոմ» ընկերության կողմից արժանացել են համապատասխանաբար 600.000, 400.000 և 260.000 դրամ պարգևի: Խրախուսական մրցանակի՝ 100.000 դրամի է արժանացել Վանաձորից «Ականազերծողներ» թիմը:

Մրցույթն ավանդաբար անցկացվում է «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակում: Այն նպատակ ունի խրախուսել և հանրայնացնել ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում և նպաստել ազգային անվտանգություն ապահովող ռազմական կիրառության սարքերի արտադրությանը:

«Ռազմական կիրառության նշանակություն ունեցող այս մրցույթների օգնությամբ մենք ցանկանում ենք հայ երիտասարդների շրջանում ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրություն առաջացնել: Սա առավել արդիական է, քանի որ պրակտիկ խնդիրներ լուծելով՝ նրանք կարող են համալրել նաև Հայաստանի ռազմաարդյունաբերության ոլորտը», - նշել է «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի կազմակերպիչ՝ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի աջակից՝ «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է.

«Արդեն երկար ժամանակ է, ինչ համագործակցում ենք ԻՏՁՄ-ի հետ «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակում: Համոզված եմ, որ մեր երիտասարդներն ունեն մեծ ներուժ և կարող են հաջողությունների հասնել այս բնագավառում: Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը շատ արագ և դինամիկ զարգացող բնագավառ է և ամբողջ աշխարհում շատ կարևոր նշանակություն ունի մի շարք հիմնախնդիրներ լուծելիս: Հուսով եմ, որ այստեղ ներկայացված լուծումները կգտնեն իրենց հետագա օգտագործումը»:

«Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի մեկնարկը տրվել էր 2015-ի նոյեմբերին: Այս ընթացքում մասնակիցներից պահանջվում էր պատրաստել այնպիսի ռոբոտներ, որոնք խոչընդոտները շրջանցելով, կգտնեն մինչև 3 սմ խորության վրա արհեստական խոտածածկի տակ պահված ականները, ֆիզիկապես կնշեն դրանց գտնվելու վայրը և ականների դասավորվածությամբ էլեկտրոնային քարտեզ կուղարկեն համակարգչին:

Մրցույթին ներկայացված են եղել նաև Գորիսի, Վանաձորի, Սիսիանի, Թալինի, Վեդիի և Երևանի այլ թիմեր: Մինչ եզրափակիչ փուլը մրցույթի մասնակիցները խորհրդակցել են ոլորտի մասնագետների հետ և բարելավել իրենց նախագծերը: Ռոբոտների պատրաստման դետալները տրանադրվել են կազմակերպիչների կողմից:

«ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակներում ԻՏՁՄ-ն և «Յուքոմը» իրականացնում են նաև «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը, որի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիս ամսին:

«Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի մասնագիտական ժյուրիի կազմում ընդգրկված են եղել Պատվական Հախինյանը (Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն), Տիգրան Զաքարյանը (Ռադիոֆիզիկայի և կապի ինստիտուտ), Փայլակ Ղուկասյանը («Վենժ»), Հրաչյա Մակարյանը («ՓՈՒԼ»), Արամ Քերյանը (Հայաստանի Ամերիկյան Համալսարան), Արման Պողոսյանը («Ինստիգեյթ») և Հրաչ Խաչատրյանը («Սայմոտեկ»):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---