Reuters. Նավթի գների անկման պատճառով ԻՊ եկամուտները նվազել են

Reuters. Նավթի գների անկման պատճառով ԻՊ եկամուտները նվազել են

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման եկամուտները 2015-ի կեսից սկսած նվազել են 30%-ով: Դա կապված է նավթի գների անկման հետ, հայտնում է Reuters գործակալությունը էներգետիկայի ոլորտում IHS Global Inc խորհրդատվական ընկերության զեկույցի վրա հղումով:

Ըստ փաստաթղթի, 2015-ին կազմակերպության եկամուտները հասնում էին $80 միլիոնի, մինչդեռ 2016-ին` $56 մլն: Բացի այդ, մեկ երրորդով կրճատվել է նավթի արդյունահանումը ԻՊ վերահսկվող տարածքներում` օրական 33 հազարից մինչև 21 հազար բարել, գրում է Lenta.ru-ն:

«ԻՊ ազդեցությունը նախկինի պես մեծ է տարածաշրջանում, սակայն եկամուտների շեշտակի նվազման պատճառով գրոհայիններին երկարաժամկետ առումով ավելի բարդ կլինի կառավարել գրավյալ տարածքները»,-մեջբերում է գործակալությունը IHS ավագ վերլուծաբան Լյուդովիկո Կարլինոյին:

Ասվում է նաև, որ 2014-ից ի վեր ծայրահեղականների կողմից վերահսկվող տարածքները նվազել են 22%-ով: Զեկույցում նշվում է, որ ԻՊ եկամուտների կեսը ստացվում է գրավյալ տարածքներում բնակչության հարկադրումից և գույքի առգրավումից, 43%-ը` նավթի վաճառքից, մնացածը` թմրանյութերի մաքսանենգությունից, էլեկտրաէներգիայի վաճառքից և նվիրատվություններից:

Ըստ գործակալության, ներկայումս ֆիզիկական պատիժներին դատապարտվածները կարող են խուսափել դրանից` դրամական փոխհատուցման դիմաց, ինչը ևս վկայում է ֆինանսական դժվարությունների մասին: Բացի այդ ԻՊ-ն նոր հարկեր է սահմանել` արբանյակային ալեհավաքների տեղադրման և քաղաքի սահմաններից դուրս գալու համար:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա:

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է ԻՊ վերահսկվող տարածքներից դեպի Թուրքիայի նավթի արտահանման ապացույցները, որի գլխավոր շահառուներ հայտարարվեցին Թուրքիայի նախագահն ու նրա ընտանիքի անդամները: Ռուսաստանի ՆԳՆ-ն հրապարակել է լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցում արձանագրված է թուրքական նավահանգիստներում բենզատար մեքենաների կուտակում, որոնք ժամանել են իսլամիստներին ենթակա տարածքներից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---