ԵԽԽՎ-ում ԼՂ խնդիրը չի քննարկվելու. Օրակարգ է ընդգրկվել պանամական օֆշորների հարցը

ԵԽԽՎ-ում ԼՂ խնդիրը չի քննարկվելու. Օրակարգ է ընդգրկվել պանամական օֆշորների հարցը

PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որը կշարունակվի մինչև ապրիլի 22-ը։ Նստաշրջանի օրակարգի նախագծում առաջարկվել էր ընթացիկ հարցերի տակ ներառել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկում։

Թեմատիկ քննարկման համար առաջակվել էր 3 վերնագիր։

ՀՀ պատվիրակությունն առաջարկել էր քննարկումն անցկացնել «Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական հանցագործությունները՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերջին ագրեսիայի ժամանակ» վերնագրով, Ադրբեջանի պատվիրակությունը՝ «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների ողբերգական էսկալացիան», ֆրանսիացի պատգամավորի կողմից առաջարկվել էր «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին և ողբերգական էսկալացիան» վերնագիրը։

Նախագծում ընթացիկ հարցերի տակ քննարկման համար առաջարկվել էր նաև անցկացնել քննարկում «Պանամա թղթերի գործը և ֆինանսական, սոցիալական և հանրային վստահության մտահոգությունները մեր ժողովրդավարական համակարգում» թեմայով։

ԵԽԽՎ բյուրոն քննարկել և որոշում է կայացրել ընթացիկ հարցերի քննարկման համար հաստատել Պանամական օֆշորների վերաբերյալ առաջարկությունը, գրում է Panorama.am-ը։

Ըստ ԵԽԽՎ ընթացակարգի, ընթացիկ հարցերի տակ ներկայացված առաջարկներից բյուրոն իրավունք ունի ընտրել միայն մեկը և վերջնական որոշումը ներկայացնել նստաշրջանի բացմանը, որը պետք է աջակցություն ստանա վեհաժողովի անդամների կողմից։

Ինչպես ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, բյուրոյում տեղի է ունեցել թեժ բանավեճ։ Բյուրոյի անդամները նշել են, որ ընդամենը 2 ամիս առաջ ԵԽԽՎ-ն լայնածավալ քննարկում է իրականացրել Ղարաբաղի վերաբերյալ և ԵԽԽՎ պատգամավորների մոտեցումներն այս հարցում չեն փոփոխվել, որն արտահայտվեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերի զեկույցի նախագծի մերժմամբ։

ԵԽԽՎ պատմության մեջ առաջին անգամ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարվել է մամուլի ասուլիսով հանդես գալ նստաշրջանի մեկնարկից առաջ։

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---