Նալբանդյանը՝ ԵԱՀԿ ներկայացուցչին. Բաքուն չի դադարում բանակցային գործընթացի շուրջ շահարկումները

Նալբանդյանը՝   ԵԱՀԿ ներկայացուցչին. Բաքուն չի դադարում  բանակցային գործընթացի շուրջ շահարկումները

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմից չեն դադարում բանակցային գործընթացի շուրջ շահարկումները։ Այս մասին ապրիլի 18-ին ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գործող գերմանական նախագահության` Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Գյունտեր Բեխլերին ընդունելու ժամանակ:

Նալբանդյանը ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության հատուկ ներկայացուցչին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, մինչ օրս վերջինիս կողմից շարունակվող հրադադարի ռեժիմի խախտումները:

«Ադրբեջանական կողմից չեն դադարում բանակցային գործընթացի շուրջ շահարկումները։ Մինչդեռ համանախագահ երկրների առաջարկները հայտնի են և հստակ ձևակերպված, այդ թվում՝ եռանախագահ երկրների ղեկավարների հինգ հայտնի հայտարարություններում, որոնց անկյունաքարն է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը։ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները դրանց հիման վրա», - շեշտել է նա։

Բեխլերը նշել է, որ ԵԱՀԿ գերմանական նախագահությունը խիստ մտահոգված է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում իրավիճակի սրմամբ, և ցավակցություն է հայտնել ռազմական գործողությունների հետևանքով զոհերի կապակցությամբ։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում բանակցային գործընթացի շարունակման հեռանկարների շուրջ։ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը։

Զրուցակիցները շեշտել են հատկապես ստեղծված պայմաններում հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանն ուղղված՝ եռանախագահ երկրների ջանքերին անվերապահ աջակցության կարևորությունը։

Ապրիլի 9-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրյոին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

«Բոլորի համար ակնհայտ է, որ այս հարձակումը նախօրոք ծրագրված և նախապատրաստված գործողություն էր։ Բաքուն Լեռնային Ղարաբաղի դեմ կիրառեց իր կուտակած հարձակողական ամբողջ զինանոցը, որը ձեռք էր բերվել վերջին տարիներին։ Տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք բազմաթիվ անգամ զգուշացրել ենք միջազգային հանրությանը, համանախագահ երկրներին. Բաքվի՝ ուժի կիրառման սպառնալիքներին չհակազդելու դեպքում դրանք կարող են բերել այնպիսի հետևանքների, որոնց ականատեսը մենք դարձանք այս օրերին», - ասել էր Նալբանդյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---