Նալբանդյանը` Ղազախստանի ԱԳ փոխնախարարին. ԵԱՀԿ ՄԽ ձևակերպումներին հակասող դիրքորոշումները վնասում են բանակցային գործընթացին

Նալբանդյանը` Ղազախստանի ԱԳ փոխնախարարին. ԵԱՀԿ ՄԽ ձևակերպումներին հակասող դիրքորոշումները վնասում են բանակցային գործընթացին

PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ղազախստանի ԱԳ նախարարի տեղակալ Գալիմժան Կոյշըբաևին, որը Երևան է ժամանել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններին մասնակցելու նպատակով։

Հայաստանի արտգործնախարարը հյուրին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, բանակցային գործընթացին հասցված վնասը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարևորել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված միջնորդության միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին սատարումը, ինչն ամրագրված է նաև ՀԱՊԿ գագաթաժողովների և ԱԳ նախարարների խորհուրդների շրջանակներում ընդունված փաստաթղթերում։ Նախարարը հավելել է, որ ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ընդունված ձևակերպումներին հակասող դիրքորոշումները վնաս են հասցնում բանակցային գործընթացին։

Անդրադառնալով ԵՏՄ կառավարությունների ղեկավարների՝ Երևանում նախատեսված հանդիպումը հետաձգելուն՝ Էդվարդ Նալբանդյանը կարևորել է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, և հույս հայտնել, որ մայիսի 20-ին ԵՏՄ վարչապետերի՝ Հայաստանում կայանալիք նիստը կշտկի այդ բացթողումը։

Հանդիպմանն անդրադարձ է արվել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությանը։

Ապրիլի 18-ին Երևանում Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարությունների միջև կայացան քաղաքական խորհրդատվություններ` երկկողմ օրակարգի, ինչպես նաև եվրասիական տարածքի ինտեգրացիոն կառույցներում փոխգործակցության հարցերի շուրջ:

Հայկական կողմից խորհրդատվությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ ղազախական կողմից` ՂՀ ԱԳ նախարարի տեղակալ Գալիմժան Կոյշըբաևը:

Խորհրդատվությունների ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Ղազախստանի միջև բազմակողմ հարաբերությունների զարգացման ներկա ընթացքն ու հեռանկարները: Այդ համատեքստում շեշտվեց արտաքին գերատեսչությունների համագործակցության կարևորությունը երկկողմ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում միջազգային և տարածաշրջանային կառույցներում փոխգործակցության հրատապ հարցերի շուրջ` ներառյալ ՀԱՊԿ, ԵՏՄ և ԱՊՀ շրջանակներում գործնական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերը: Ընդգծվել է կառուցողական արտաքին քաղաքական փոխգործակցության և ջանքերի համադրման անհրաժեշտությունը` ի շահ տնտեսական համագործակցության ընդլայնմանն ու խորացման, տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման:

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև փոխգործակցության առաջխաղացման հարցում:

Կայացած խորհրդատվությունների արդյունքները պատվիրակության ղեկավարները ներկայացրել են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ: ՂՀ ԱԳ նախարարի տեղակալ Գալիմժան Կոյշըբաևի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ապրիլի 19-ին Երևանում նախատեսվող ՀԱՊԿ անդամ-երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների տեղակալների ձևաչափով խորհրդատվություններին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---