ԶԼՄ-ներ. Պուտինի պլանը ԼՂ հարցում` որոշ տարածքների վերադարձ Բաքվին, խաղաղապահներ և հանրաքվե

ԶԼՄ-ներ. Պուտինի պլանը ԼՂ հարցում` որոշ տարածքների վերադարձ Բաքվին, խաղաղապահներ և հանրաքվե

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակտիվորեն կնպաստեն, որ մոտ օրերս մեկնարկող Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցություններում փոխզիջում ձեռք բերվի: Մասնավորապես, ՌԴ նախագահը պատրաստ է անձամբ համոզել երկու կողմի քաղաքական գործիչներին փոխզիջման անհրաժեշտության մեջ, հայտնում է «Իզվեստիան» դիվանագիտական շրջանակներում աղբյուրի վրա հղումով:

Ըստ աղբյուրի, կարգավորման ռուսական պլանով նախատեսվում է որոշ տարածքներ հանձնել Ադրբեջանին, խաղաղապահներ տեղակայել հակամարտության գոտում, վերադարձնել փախստականներին և օրինականացնել Ղարաբաղը` այսինքն, ապահովել բաց սահմաններ և տնտեսական կապերի վերականգնում: Իսկ հետո անցկացնել հանրաքվե տարածքի պատկանելության մասին: Սակայն կողմերից ոչ մեկը չի համաձայնվում այս պլանին, եթե հանրաքվեի արդյունքը հօգուտ իրեն կանխորոշված չլինի:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով «Ուղիղ գծի» հարցերին, ասել էր, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է կարգավորելու համար այդ հակամարտությունը և գտնելու համար երկու կողմերի համար ընդունելի լուծում: Նա նշել է նաև, որ երկարաժամկետ առումով հարկավոր է փոխզիջում գտնել, ընդ որում բացառապես քաղաքական միջոցներով:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը 2014-ի մայիսի 7-ին ներկայացրեց ղարաբաղյան կարգավորման 6 սկզբունքները` նշելով, որ դա ոչ թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, այլ ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունն է:

Ուորլիքը ներկայացրել է փոխզիջման հիմնական տարրերը, բաղկացած 6 կետից: «Առաջին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր:

Երկրորդ,նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:

Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի:

Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը: Հինգերորդ,տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը:

Եվ վերջապես վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն»,-ասել է Ուորլիքը:

2014-ի հուլիսին Լեռնային Ղարաբաղն առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց, որ անընդունելի է համարում Մադրիդյան սկզբունքները: Վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է, որ եթե անգամ Լեռնային Ղարաբաղը կրկին մասնակցի բանակցություններին, նման փաստաթղթի քննարկումը դրական արձագանք չի ստանա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---