Թուրքիան կառաջարկի ՆԱՏՕ-ին արագացված կարգով ընդունել Վրաստանին

Թուրքիան կառաջարկի ՆԱՏՕ-ին արագացված կարգով ընդունել Վրաստանին

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների առաջիկա նիստի ընթացքում, որը տեղի կունենա մայիսին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մտադիր է բարձրացնել Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցության հարցն՝ առանց Դաշինքին անդամակցության գործողությունների ծրագիրն անցնելու, հայտնում է Tert.am-ը korrespondent.net-ի վրա հղումով:

«Ես կարծում եմ, որ Վրաստանը կարող է ՆԱՏՕ-ին անդամակցել առանց Անդամակցության գործողությունների ծրագիրն անցնելու։ Տեխնիկապես դա իրագործելի է։ Մենք լիովին աջակցում ենք ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը, և ես այդ հարցը կդնեմ մայիսին կայանալիք նիստի ընթացքում»,-Ստրասբուրգում ասել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ Թուրքիան չի կարող որևէ երաշխիք տալ այս հարցում: Սակայն ընդգծել է, որ իրենց համոզմամբ՝ Վրաստանն արժանի է ՆԱՏՕ-ի անդամ լինելուն, քանի որ բավարարում է բոլոր պահանջներին։

Փետրվարին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Վրաստանը մոտենում է անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Ըստ նրա, «Վրաստանն ունի բոլոր գործիքներն անդամակցությանը պատրաստվելու համար»:

«Վրաստանն ունի տարեկան ազգային ծրագիր, կա Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողով, միջոցառումների փաթեթ: Այսօր մենք առաջ ենք շարժվում, մենք իրականացնում ենք 2014-ին Ուելսում համաձայնեցված միջոցառումների փաթեթի տարբեր բաղադրիչները»,-ասել է նա լրագրողներին` պատասխանելով այն հարցին, թե կարող է Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալ` շրջանցելով ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Գործողությունների ծրագիր ներկայացնելու անհրաժեշտությունը:

Վրաստանի ինստիտուցիոնալ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ մեկնարկել է 1994 թվականին, երբ Վրաստանը դարձավ «Գործընկերություն հանուն խաղաղության» (PfP — Partnership for Peace) ծրագրի մասնակից: 2004 թ. «Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանի և ՆԱՏՕ-ի գործակցությունն ավելի ակտիվացավ: Վրաստանը մտադիր է 2016-ին «Անդամակցության գործողությունների ծրագիր» ստանալ ՆԱՏՕ-ից:

Մինչդեռ ավելի վաղ Մոսկվան հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի շահերից բխող ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը Վրաստանում սպառնալիք կստեղծի կայունությանն Անդրկովկասում: Վրաստանում նաև գործում է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող լեռնային հրաձիգների հենակետը Սաչխերեում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---