Լավրովին Երևանում կդիմավորեն բողոքի ցույցով

Լավրովին Երևանում կդիմավորեն բողոքի ցույցով

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-22-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կլինի Երևանում՝ Հայաստանի իշխանությունների հետ քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այս կապակցությամբ «Ձեռքներդ հեռու Արցախից. Արժանապատվության պահանջ-երթ» է կազմակերպվելու: Ապրիլի 21-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակից երթը կշարժվի դեպի Հայաստանի արտաքին գործերի նախարարություն և ՌԴ դեսպանատուն՝ Հայաստանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ընդառաջ հնչեցնելու երթի պահանջները:

Ինչպես ասվում է նախաձեռնության կազմակերպիչների տարածած հայտարարության մեջ, «գիտակցելով պահի լրջությունը և ԶԼՄ-ներով շրջանառության մեջ դրված հակահայկական ծրագրերի վտանգավորությունը արյունով վերանվաճված ու պաշտպանված Արցախի Հանրապետության համար, երթի մասնակիցները կներկայացնեն իրենց պահանջները»:

«Մենք, դասեր քաղելով Արցախի վրա Ադրբեջանի ռազմական ագրեսիայից, իրականացրած պատերազմական հանցագործություններից, հատկապես՝ ապրիլյան չորսօրյա պատերազմի ժամանակ, հայտարարում և պահանջում ենք՝

1. Հայաստանը և Արցախը Ադրբեջանին որևէ թիզ հող չունեն հանձնելու, ընդհակառակը՝ վերջինիս սաստելու, սեփական ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու համար անվտանգության ավելի ընդարձակ գոտի ստեղծելու կենսական անհրաժեշտություն ունեն

2. Արցախի խաղաղության և անվտանգության միակ ապահովող եղել է և պիտի մնա մեր՝ Արցախի զինվորը, իսկ միջազգային խաղաղապահներ պետք է տեղակայվեն Ադրբեջանում՝ բնիկ ժողովուրդներին՝ թալիշներին, լեզգիներին, ավարներին և այլոց պաշտպանելու համար

3. Ապահովել Ադրբեջանից փախստական դարձած հայերի, այդ թվում՝ շահումյանցիների անվտանգ շուտափույթ, կամավոր ու անվտանգ վերադարձը Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական շրջաններ

4. Ճանաչել միջազգային իրավունքին համահունչ Արցախի անկախությունը

5. Դադարեցնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանի սպառազինումը նորագույն հարձակողական ու զանգվածային ոչնչացման զենքերով, որոնք օգտագործվել եւ օգտագործվելու են Հայաստանի ու Արցախի դեմ»,-ասվում է նախաձեռնության կազմակերպիչների հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին պահպանել պայմանավորվածությունը կրակի դադարեցման մասին: Ապրիլի 8-ին Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Զրուցակիցները շարունակել եբ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի լարման վերաբերյալ վերջին օրերին ունեցած քննարկումները: Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները կարևորել են հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկությունների իրագործումը։

Ապրիլի 19-ին որոշ ԶԼՄ-ներ գրեցին, որ Ռուսաստանն ու անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակտիվորեն կնպաստեն, որ մոտ օրերս մեկնարկող Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցություններում փոխզիջում ձեռք բերվի: Մասնավորապես, ՌԴ նախագահը պատրաստ է անձամբ համոզել երկու կողմի քաղաքական գործիչներին փոխզիջման անհրաժեշտության մեջ, հայտնում է «Իզվեստիան» դիվանագիտական շրջանակներում աղբյուրի վրա հղումով:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը 2014-ի մայիսի 7-ին ներկայացրեց ղարաբաղյան կարգավորման 6 սկզբունքները` նշելով, որ դա ոչ թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, այլ ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունն է:

Ուորլիքը ներկայացրել է փոխզիջման հիմնական տարրերը, բաղկացած 6 կետից: «Առաջին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր:

Երկրորդ,նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:

Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի:

Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը: Հինգերորդ,տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը:

Եվ վերջապես վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն»,-ասել է Ուորլիքը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---