ԼՂՀ վարչապետը հանձնարարել է ամրացնել առաջնագիծը

ԼՂՀ վարչապետը հանձնարարել է ամրացնել առաջնագիծը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 20-ին խորհրդակցություն է հրավիրել՝ պաշտպանության, քաղաքաշինության ու քաղաքացիական պաշտպանության ոլորտների պատասխանատուների, ինչպես նաև շինարարական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ:

«Շնորհակալություն բոլորիդ, որ այս օրերին մեծ պատրաստակամությամբ ներդրել եք ձեր ամբողջ հնարավորությունները Արցախի բանակի մարտունակության ամրապնդման գործում: Այս պահին ինժեներական աշխատանքներն ընթացքում են առաջնագծում, և մոտակա ժամանակներում էլ պարտավոր ենք զբաղվել առաջնահերթորեն այդ ուղղությամբ, քանի որ, ինչպես ևս մեկ անգամ համոզվեցինք, միայն սահմանի ամրությունն ու հայ զինվորի խիզախությունն են երաշխավորում մեր մանուկների խաղաղությունը:

Այդ պատճառով հորդորում եմ բոլորիդ, որ մեր ամբողջ կարողությամբ աշխատենք հանուն Արցախի անվտանգության ամրապնդման»,- ասել է վարչապետը:

Պաշտպանության նախարարի տեղակալ Սամվել Կարապետյանը զեկուցել է վարչապետին ընթացիկ իրավիճակի մասին՝ ներկայացնելով ՊԲ-ի կողմից առանձնացված խնդիրներն ու կարիքները: Շինարարական ընկերությունների ղեկավարներն իրենց հերթին ներկայացրել են աշխատանքների կազմակերպման և տեխնիկական հնարավորությունների հետ կապված մանրամասներ՝ պատրաստակամություն հայտնելով առավելագույնս աջակցել առաջնագծի ամրացման աշխատանքներին:

Հարությունյանը նշել է, որ, ըստ անհրաժեշտության, պետական պատվերի վերանայում է կատարվելու, և կառավարությունը համապատասխան միջոցներ կտրամադրի ընկերություններին՝ աշխատանքների ժամանակին և արդյունավետ կազմակերպման նպատակով: Վարչապետը հանձնարարել է պատասխանատու մարմինների ղեկավարներին՝ սերտ գործակցել կազմակերպությունների հետ՝ ցուցաբերելով անհրաժեշտ աջակցություն:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող հարցեր: Գործադիր մարմնի ղեկավարը, կարևորելով համակարգի պատրաստականության աստիճանի բարձրացման նշանակությունը, տվել է համապատասխան հանձնարարականներ այդ ուղղությամբ:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---