Թուրքիան զրահատեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին

Թուրքիան զրահատեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին

PanARMENIAN.Net - Թուրքիայի զինված ուժերն ավելացրել են տանկերի և հաուբիցների քանակը Սիրիայի հետ սահմանին, որը սահմանի այն կողմից վերահսկվում է «Իսլամական պետության» գրոհայինների կողմից, հայտնել է Hurriyet-ը զինվորական շրջանակներում աղբյուրի վրա հղումով:

Զրահատեխնիկան տեղակայվել է հակազդելու համար ԻՊ կողմից վերահսկվող տարածքից իրականացվող հրետակոծություններին:

Թուրք զինվորականները հաուբիցներից են գնդակոծում ահաբեկիչների դիրքերը, քանի որ չեն կարող օգտագործել ավիացիան Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թուրքական կողմը նշել է, որ այս միջոցառումներն իրագործվում են Սիրիայի տարածքից թուրքական Կիլիսի հաճախակի դարձած հրետակոծմանը հակազդելու համար: Վերջին օրերին հրետակոծություններից զոհվել է 5 մարդ, ավելի քան 20-ը` վիրավորվել է:

Անկարան ակնկալում է, որ ավիահարվածներն ԻՊ դիրքերին կհասցնի ԱՄՆ գլխավորած կոալիացիան` «առանց թուրքական կողմից մշտական հարցումների»: Սակայն վերջին օրերին ավիացիոն գործողություններ կոալիցիան այդ շրջանում չի իրականացրել:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանն առաջարկում է Թուրքիային անկախ դիտորդներ հրավիրել թուրք-սիրիական սահման, որն, ըստ ռուսական կողմի տեղեկությունների, հատում են գրոհայինները, ինչպես նաև մաքսանենգության հոսք է նկատվում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թուրք սահմանապահները գնդակահարում են փախստականներին, որոնք փորձում են փրկվել Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմից: Այդ մասին գրել է The Times-ը Մարդու իրավունքների սիրիական դիտարկման կենտրոնի վրա հղումով:

2015-ին Սիրիայի նախագահի քաղաքական խորհրդական Բուսեյն Շահաբանը հայտարարել է, որ սիրիական բանակի ռազմավարական նպատակներից մեկը Թուրքիայի հետ սահմանին հսկողություն հաստատելն է: Ինչպես նշել է Շահաբանը, Սիրիայում գործողությունը կշարունակվի մինչև Հալեպ գավառում և Թուրքիայի հետ սահմանին հսկողության հաստատումը, ինչը թույլ կտա «կանգնեցնել ահաբեկիչներին, որոնց ուղարկում է Թուրքիան»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---