Ադրբեջանցի գրող Այլիսլիին 3 տարվա ազատազրկում է սպառնում

Ադրբեջանցի գրող Այլիսլիին 3 տարվա ազատազրկում է սպառնում

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին, որը հայտնի է «Քարե երազներ» վիպակով, կարող է մինչև 3 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվել: Նրա դեմ հարուցված քրեական գործը վերաորակավորվել է: Այդ մասին հայտնել է գրողի փաստաբան Էլչին Սադիգովը, հայտնում է Minval.az-ը:

Ապրիլի 21-ին Սադիգովն Այլիսլիի հետ եղել է օդային տրանսպորտի ոստիկանության վարչության քննչական բաժնում: «Այլիսլիի դեմ Ադրբեջանի ՔՕ 221 հոդվածով (խուլիգանություն) հարուցված քրեական գործը վերաորակավորվել է 315 հոդվածի (դիմադրություն կամ բռնության կիրառում իշխանության ներկայացուցչի հանդեպ): Նշված հոդվածով նախատեսվում է մինչև 3 տարվա ազատազրկում: Քանի որ հետաքննությունը 315.1 հոդվածով պետք է վարեն դատախազության մարմինները, քննության հետագա վարույթը փոխանցվում է Բաքվի քաղաքային դատախազությանը»,-հայտնել է գրողի փաստաբանը:

Մարտի 30-ին Աքրամ Այլիսլին ձերբակալվել է Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում և բերման ենթարկվել օդանավակայանի տրանսպորտի ոստիկանության վարչություն: Այլիսլին ավագ որդու` Իլյասի, ուղեկցությամբ պետք է մեկներ Վենետիկ, որտեղ մասնակցելու էր մարտի 30-ից ապրիլի 1-ը կայանալիք Incroci Di Civilta միջազգային գրական փառատոնին: Ավելի ուշ նրան ազատ են արձակել: Այլիսլիին մեղադրում են սահմանապահ ծառայության աշխատակցի հանդեպ բռնություն գործադրելու մեջ: Նրա որդին, սակայն, ասել է, որ հայրը ոչ մի վիճաբանություն սահմանապահի հետ չի ունեցել, հայտնել էր contact.az-ը:

Աքրամ Այլիսլին մեծ աղմուկ հանած «Քարե երազներ» ռեքվիեմ-վիպակի հեղինակն է, որը պատմում է 1989 թվականին Բաքվում և Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին։ 2013 թվականի փետրվարի 7-ի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Աքրամ Այլիսլին զրկվել է «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից և պետական կենսաթոշակից։ Ըստ Իլհամ Ալիևի գրողը իր «Քարե երազներ» գրքում վիրավորել է իր համաքաղաքացիներին «ադրբեջանցի գրողին ոչ պատշաճ ձևով», և «աղավաղել է ադրբեջանի պատմությանը առնչվող իրողությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---