Սիցիլիայի նահանգային խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Սիցիլիայի նահանգային խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Սիցիլիայի նահանգային խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` այսպիսով դառնալով Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 105-րդ խորհուրդը:

Ընդունված բանաձևում Սիցիլիայի նահանգային խորհրդարանն իր զորակցությունն ու համերաշխությունն է հայտնում պատմական իրականության ճանաչման և անքակտելի իրավունքների պաշտպանության համար հայ ժողովրդի պայքարին:

Բանաձևում կոչ է արվում Սիցիլիայի նահանգային և Իտալիայի ազգային կառավարություններին համատեղ աջակցելու Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցառումներին և տարածելու պատմական փաստերի իմացությունը՝ հանուն խաղաղության, ժողովրդավարության և ազգերի ինքնորոշման իրավունքների պաշտպանության:

Բանաձևի նախագիծը ներկայացրել էին պատգամավորներ Կորդարո Սալվատորեն (Cordaro Salvatore), Դ’Ազերո Անտոնինոն (D'Asero Antonino), Պապալե Ալֆիոն (Papale Alfio) և Գրասսո Բեռնադետտե Ֆելիչեն (Grasso Bernadette Felice):

Բանաձևի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք էր բերվել դեռևս 2015-ի նոյեմբերի վերջին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի Պալերմո այցի ժամանակ Սիցիլիայի նահանգային խորհրդի նախագահ Ջիովաննի Արդիցոնեի (Giovanni Ardizzone) հետ հանդիպմանը:

Իտալիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2000-ին, իսկ Սիցիլիայի նահանգային խորհուրդը Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 105-րդ խորհուրդն է:

Սիցիլիայի նահանգային խորհրդարանը աշխարհի հնագույն խորհրդարաններից է (հիմնվել է 1097թ.) և Իտալիայի ինքնավար շրջանների այլ խորհրդարանների համեմատ ամենալայն լիազորություններն ունի:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---