Ձկնաբուծական համալիր՝ Սևանի իշխանի պաշարները վերականգնելու համար

Ձկնաբուծական համալիր՝ Սևանի իշխանի պաշարները վերականգնելու համար

PanARMENIAN.Net - Լրամշակվել և ապրիլի 21-ին կառավարության հավանությանն է արժանացել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը՝ 2016-2024 թթ. համար: Ծրագրի ռազմավարական նպատակը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումն ու լճի հիմնախնդիրների լուծումն է:

Համալիր ծրագրով նախատեսվում է ձկնաբուծական համալիրի ստեղծում, որն իր մեջ կներառի ձկան արտադրության արժեշղթայի հետևյալ օղակները` մանրաձկան տնտեսություն, լճում տեղակայված տնտեսություններ և վերամշակման գործարան: Նշված օղակներում կկազմակերպվի Սևանի իշխանի էնդեմիկ ենթատեսակների (գեղարքունի և ամառային իշխան) արտադրությունից մինչև իրացում ամբողջ գործընթացը:

Վերոնշյալ ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով կառավարության մեկ այլ որոշմամբ «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում «Սևան ակվա» ՓԲԸ-ին առանց մրցույթի, 3 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով կտրամադրվի 0.6445 հեկտար հողամաս: Ծրագրի շրջանակում «Սևան Ակվա»-ն ապրանքային ձկան արտադրությունն իրականացնելու է լճում տեղակայված տնտեսություններում, որոնք կտեղակայվեն Կարճաղբյուր համայնքի հարակից տարածքի ափից մոտ 3 կմ հեռավորության վրա:

Հետևաբար այդ գործընթացն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է տեղակայման վայրի ուղղությամբ` ափին, ունենալ համապատասխան տարածք` նախ լճում տեղակայվող տնտեսության հիմնման, ապա նաև սպասարկման, գրասենյակային և այլ ընթացիկ աշխատանքները կազմակերպելու համար:

Գործադիրն ընդունել է նաև «Սևանա լճում էկոհամակարգերի վերականգնման նպատակով տնտեսական գործունեություն իրականացնելու մասին» որոշում, որով առաջարկվում է սահմանել՝ Սևանա լճում տնտեսական գործունեություն կարող է իրականացվել համալիր ծրագրի շրջանակում՝ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու միջոցով և ցանցավանդակային տնտեսությունների հիմնման միջոցով:

ՀՀ գործադիրի 2016-ի մարտի 26-ի որոշմամբ՝ «Սևան Ակվա» ՓԲԸ կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից:

«Սևան Ակվա» ընկերությունը պատրաստվում է Սևան լճում տեղադրվելիք ցանցերի մեջ ձուկ աճեցնել: Ընկերությունը ավելի քան 1 միլիարդ դրամի ապրանքներ է ներկրելու:

2016-ին Սևանա լճում կտեղակայվի մեկ ձկնաբուծական տնտեսություն, որը բաղկացած կլինի 12 ցանցավանդակնից: Ձկները կկերակրվեն եվրոպական արտադրության բարձրորակ ձկան կերով: Ընդհանուր առմամբ Սևանա լճում տեղակայված մեկ ձկնաբուծական տնտեսությունը նախատեսում է իր արտադրական հզորություններին հասնել 3 տարվա ընթացքում, որի արդյունքում կարող է արտադրել տարեկան մոտ 685 տոննա ձկնամթերք, որի հասույթը կկազմի մոտ 2 մլրդ 400 մլն. դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---