Հայաստանը ձգտում է տարանցիկ երկիր դառնալ ավիափոխադրումների համար

Հայաստանը ձգտում է տարանցիկ երկիր դառնալ ավիափոխադրումների համար

PanARMENIAN.Net - Հայաստանը ձգտում է տարանցիկ երկիր դառնալ ավիափոխադրումների համար: Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը Invest Armenia-2016 գործարար համաժողովի բացմանը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Invest Armenia-2016 գործարար համաժողովն իր աշխատանքն է սկսել Երևանում ապրիլի 22-ին: Միջոցառման հիմնական թեմաներն են Հայաստան-Իրան, Հայաստան-ԵՏՄ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև 2016-2018 թթ.-ին Հայաստանի տնտեսական զարգացման կանխատեսումները:

«Մենք ակնկալում ենք հեղինակավոր ավիաընկերությունների մուտքը հայկական շուկա, ինչը կհանգեցնի ավիատոմսերի գների նվազեցման: Ընդ որում անհրաժեշտ է ձգտել դրան, որպեսզի օտարերկրյա ավիաընկերությունները տեղակայվեն Երևանում, իսկ Հայաստանը տարանցիկ երկիր դառնա»,-ասել է Մինասյանը:

Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանը «բաց երկնքի» քաղաքականություն է վարում և արդեն զգալի առաջընթաց ունի, մասնավորապես, բազում ավիաընկերություններ ցանկություն են հայտնել աշխատելու հայկական շուկայում, իսկ մի մասն արդեն արտոնագիր է ստացել:

Նորաստեղծ «Armenia» ավիաընկերությունն ապրիլի 21-ին իր առաջին չվերթն իրականացրեց Երևան-Թել Ավիվ երթուղով: Ընկերության գլխավոր քարտուղարի տեղակալ Գևորգ Խաչատրյանն ավելի վաղ հայտնել էր, որ ընկերությունը մտադիր է հետագայում թռիչքներ կատարել նաև եվրոպական քաղաքներ, և այս պահին աշխատանք է տարվում այդ ուղղությամբ:

Երևանում 2015-ի մայիսին կազմակերպված INVEST ARMENIA 2015 առաջին բիզնես ֆորումին մասնակցել են էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարները, տարբեր վարչությունների ղեկավարներ, դեսպաններ, գործարարներ Հայաստանից և Սփյուռքից: Միջոցառումը կազմակերպվել էր BPA (Business partners of Armenia) ընկերության կողմից` էկոնոմիկայի, գյուղատնտեսության, Սփյուռքի նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի աջակցության ներքո: Առաջին ֆորումի արդյունքների հիման վրա ձեռք են բերվել համագործակցության պայմանավորվածություններ: Եկրորդ ֆորումին մասնակցելու համար հրավիրվել են այն ընկերությունները, որոնք խոշոր առևտրային ցանցերի հետ աշխատանքի փորձ ունեն:

Համաժողովի ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանը հայտնել է, որ «արցախյան իրադարձություններից հետո, անվտանգության նկատառումներից ելնելով, Ղազախստանի պատվիրակությունը հրաժարվել է մասնակցությունից»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---