Կանադայի վարչապետը հիշեցրել է, որ Սենատն ու Համայնքների պալատը 1915թ. դեպքերը որակում են ցեղասպանություն

Կանադայի վարչապետը հիշեցրել է, որ Սենատն ու Համայնքների պալատը 1915թ. դեպքերը որակում են ցեղասպանություն

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ոգեկոչման օրվա կապակցությամբ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդուն հանդես է եկել հայտարարությամբ, հայտնում է Tert.am-ը asbarez.com-ի վրա հղումով: Վարչապետը հիշեցրել է, որ Կանադայի Սենատն ու Համայնքների պալատը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևեր են ընդունել, որոնք 1915 թվականի դեպքերը որակում են որպես ցեղասպանություն։

«Այսօր մենք ոգեկոչում ենք 1915-ին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի կյանքի ողբերգական կորստի 101-րդ տարելիցը։ Մենք պահպանում ենք այն մարդկանց մասին հիշողությունը, ովքեր զոհվել են, և նրանց, ովքեր ողջ են մնացել ցեղասպանության ընթացքում, և մեր խորին հարգանքն ենք հայտնում նրանց ժառանգներին, ներառյալ՝ նրանց, ովքեր այժմ Կանադան համարում են իրենց տունը»,- ասել է Կանադայի վարչապետը։

Այս հայտարարությունը ողջունել է Կանադայի Հայ դատի հանձնախումբը (ANCC)։

«Մեզ ոգևորում է այն, որ վարչապետ Ջասթին Տրյուդոն հավատարիմ է ցեղասպանությունների դատապարտման հարցում Կանադայի պարտավորություններին, ներառյալ` Հայոց ցեղասպանության»,- ասել է ANCC -ի նախագահ Ժիրայր Բասմաջյանը:

2015-ի ապրիլի 25-ին Կանադայի խորհրդարանն ընդունել է 587-րդ բանաձևը, որով ապրիլ 24-ը պաշտոնապես հռչակել է «Հայոց ցեղասպանության հիշատակի օր»:Բանաձևը ներկայացնող պատգամավոր Բրադ Բաթը Կանադայի իշխող պահպանողական կուսակցության անունից խոսել է Ապրիլ 24-ը Ցեղասպանության Հիշատակի օր հռչակելու մասին, մասնավորաբար ընդգծելով. «Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Սրբադասման արարողություն Հայ Եկեղեցու կանոնների համաձայն: Հետևաբար, Հայոց Ցեղասպանության նահատակները սուրբեր են»:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---