ԼՂՀ նախագահ. Եթե ժամանակին Հայոց ցեղասպանությունը դատապարտվեր, միլիոնավոր նոր անմեղ զոհեր չէին լինի

ԼՂՀ նախագահ. Եթե ժամանակին Հայոց ցեղասպանությունը դատապարտվեր,  միլիոնավոր նոր անմեղ զոհեր չէին լինի

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

«Այսօր Արցախի ժողովուրդը համայն հայության հետ միասին ոգեկոչում է Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 101 տարի առաջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև թուրքական յաթաղանի զոհ դարձավ մեկուկես միլիոն հայ՝ ծերեր, երեխաներ, կանայք։ Մի ամբողջ ժողովուրդ զրկվեց հայրենիքից, սեփական հող ու ջրից և բռնեց գաղթի ճամփան՝ սփռվելով աշխարհով մեկ։

Ցավոք, ցեղասպանության փորձեր են կատարվում նաև մեր օրերում, և եթե ժամանակին Մեծ եղեռնը ճանաչվեր ու դատապարտվեր միջազգային հանրության կողմից, չէին լինի միլիոնավոր նոր անմեղ զոհեր աշխարհի տարբեր ծայրերում», - ասել է ԼՂՀ նախագահը:

Նրա խոսքով, թե՛ 1915-ի այն ողբերգական օրերին և թե՛ այսօր, երբ հայ ժողովուրդը պայքարում է հանուն ազատ ու անկախ ապրելու իր իրավունքի, հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման:

«Մենք զգացել և զգում ենք տարբեր երկրների, աշխարհի բազմաթիվ մարդկանց աջակցությունը, նրանց, ում համար արդարությունը, մարդասիրությունը, համամարդկային արժեքների պաշտպանությունը վեր են ամեն ինչից: Մենք շնորհակալ ու երախտապարտ ենք հայ ժողովրդի բոլոր բարեկամներին։

Մեր հակառակորդը չի փոխվել, սակայն փոխվել է մեր ժողովուրդը։ Այսօր հայն աշխարհին է ներկայանում հայկական երկու հանրապետությունով, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությամբ և իր պատմական հողում ապրելու ու արարելու անսասան վճռականությամբ։

Այս ապրիլյան օրերին աշխարհասփյուռ հայությունը կրկին ոտքի կանգնեց մեկ մարդու պես և ապացուցեց աշխարհին, որ իր հայրենիքն ու արժանապատվությունը պաշտպանելու համար պատրաստ է և կանի ամեն ինչ, կանի իր քաջ որդիներով ու հերոսական բանակով, իր միասնականությամբ ու անպարտելի ոգով»:

Սերժ Սարգսյան. Հայտարարում եմ ի լուր աշխարհի՝ հայերի բնաջնջում կամ բռնագաղթեցում Արցախում չի լինելու

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---