Թուրքիան ճնշում է Դրեզդենի սիմֆոնիկին Ցեղասպանությանը նվիրված նախագծի պատճառով

Թուրքիան ճնշում է Դրեզդենի սիմֆոնիկին Ցեղասպանությանը նվիրված նախագծի պատճառով

PanARMENIAN.Net - Թուրքիան փորձում է եվրոպական մակարդակով ճնշում գործադրել Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի վրա, որը Հայոց ցեղասպանությանը նվիրված նախագիծ է իրագործում:

Ինչպես հայտնել է նվագախմբի ինտենդանտ Մարկուս Ռինդտը, ԵՄ-ում Թուրքիայի դեսպանը պահանջել է դադարեցնել Aghet («Աղետ») նախագածի ֆինանսավորումը: Ըստ Ռինդտի, այդ քայլը «ոտնձգություն է մտքերի ազատ արտահայտման դեմ», հայտնում է dw.com-ը Դրեզդենի ԶԼՄ-ների վրա հղումով:

Չնայած Թուրքիայի ճնշմանը` Եվրահանձնաժողովին կից կրթության և մշակույթի գործակալությունը շարունակում է սատարել նախագծին: Ընդ որում, ինչպես պարզաբանել է Ռինդտը, գործակալությունն այնուամենայնիվ ընդառաջել է թուրքական կողմին` հեռացնելով Aghet նախագծի մասին տեղեկատվությունն իր կայքից: Նվագախումբն իր հերթին հավանություն չի տալիս այդ որոշմանը:

Եվրոպական գործակալությունը հաստատել է, որ հանել է նախագծի մասին տեղեկատվությունն իր էջից` նկարագրության մեջ արտահայտությունների ճիշտ ընտրության առումով կասկածների պատճառով: Ընդ որում գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ նախագծի իրականացումը երբեք կասկածի տակ չի դրվել:

Գործակալությունը 200. 000 եվրո է հատկացրել նախագծին:

2015-ի նոյեմբերին Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը նախաձեռնեց Aghet երաժշտական նախագիծը, որի պրեմիերան տեղի է ունեցել Բռլինում: Այն նվիրված է Հայոց ցեղասպանությանը, Անկարան, ինչպես հայտնի է, ժխտողական քաղաքականություն է վարում: Մինչդեռ նախագծի կայքում օգտագործված է հենց ցեղասպանություն եզրույթը:

Ինչպես ասվում է կայքում, Գերմանական կայսրությունն այն ժամանակ օսմանների մերձավոր դաշնակիցն էր, գերմանացի սպաները մասնակցել են կատարվածին: Նախագծում, որն ըստ հեղինակների մտահղացման, հաշտեցում է խորհրդանշում, երաժիշտներ են մասնակցում Թուրքիայից, Հայաստանից և Գերմանիայից, բալկանյան երկրներից: Գերմանիայում մի քանի ելույթներից հետո նվագախումբը 2016-ի նոյեմբերին նախագիծը կներկայացնի Բելգրադում, Երևանում և Ստամբուլում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---