ԼՂՀ երիտասարդությունը` միջազգային հանրությանը. Ապրիլի 1-5-ը կանխվել է մի նոր ցեղասպանության փորձ

ԼՂՀ երիտասարդությունը` միջազգային հանրությանը. Ապրիլի 1-5-ը կանխվել է մի նոր ցեղասպանության փորձ

PanARMENIAN.Net - Արցախի երիտասարդությունը, ոգեկոչելով Օսմանյան Թուրքիայում կազմակերպված Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, միաժամանակ գլուխ է խոնարհում 2016թ. ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմի բոլոր զոհերի, Արցախի Հանրապետության պետական սահմանների և Արցախի ժողովրդի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի առջև:

Իր երախտիքի խոսքն ուղղելով Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած բոլոր պետություններին, կառույցներին ու անհատներին, Արցախի երիտասարդությունը հարկ է համարում տեղեկացնել միջազգային հանրությանը, որ 2016թ. ապրիլի 1-5-ը, շնորհիվ Արցախի պաշտպանության բանակի 18-20 տարեկան զինվորների սխրանքի, կանխվել է մի նոր ցեղասպանության փորձ: Մինչ որոշ երկրներ և քաղաքական գործիչներ հերթական դիվանագիտական հնարքն էին մոգոնում, թե ինչպես ապրիլի 24-ին իրենց ելույթներում շրջանցել «Ցեղասպանություն» եզրույթը՝ Թուրքիային «չվիրավորելու» համար, նույն Թուրքիայի թողտվությամբ ու խրախուսմամբ, իր եղբայր Ադրբեջանը հերթական ցեղասպանության փորձը ձեռնարկեց արցախահայության նկատմամբ, մոռանալով 1988-1994թթ. իր իսկ սանձազերծած՝ էթնիկ զտումների և ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի դասերը, մոռանալով, որ իր առջև այլևս անզեն ու պետականությունից զուրկ հայը չէ:

Անգամ ամենաժամանակակից ու քանակով գերազանցող սպառազինությունը անզոր գտնվեց հայ զինվորի ոգու և հայ ժողովրդի միասնության դեմ, այն ճշմարտության դեմ, որ «Սրով եկողը սրից էլ կընկնի»:

Արցախի երիտասարդությունը ի լուր աշխարհի հայտարարում է, որ իր պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու՝ արցախահայության իրավունքի նկատմամբ բռնության ցանկացած փորձ դատապարտված է ձախողման և կոչ է անում միջազգային հանրությանն ու Հարավային Կովկասում խաղաղության պահպանման խնդիրներով մտահոգ բոլոր կառույցներին՝ միավորել ջանքերը Ադրբեջանի իշխանությունների հանցավոր արկածախնդրությունը սանձահարելու և ռևանշիստական նկրտումները մեկընդմիշտ կասեցնելու նպատակով:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ:

Ընթերցեք նաև. Սերժ Սարգսյան. Հայտարարում եմ ի լուր աշխարհի՝ հայերի բնաջնջում կամ բռնագաղթեցում Արցախում չի լինելու

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---