ԱՄՆ դեսպան. Օբաման հզոր հայտարարություն է արել` դեպքերը որակելով XX դ. վատթարագույն վայրագություններից մեկը

ԱՄՆ դեսպան. Օբաման հզոր հայտարարություն է արել` դեպքերը որակելով XX դ. վատթարագույն վայրագություններից մեկը

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը Ծիծեռնակաբերդում զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, լրագրողների հետ զրույցում ասել է, թե իր համար պատիվ է ներկայացնել Միացյալ Նահանգների կառավարությանը և ժողովրդին, երբ հարգանքի տուրք է մատուցվում այն դեպքերի հիշատակին, որն, ԱՄՆ նախագահի խոսքերով, 20-րդ դարի վատթարագույն ողբերգություններից էր, հայտնում է Tert.am-ը:

«100 տարի առաջ միլիոնավոր հայեր մահվան երթերով, կոտորածների ու տեղահանություններին զոհ գնացին: Մենք այսօր հիշատակի տուրք ենք մատուցում նրանց և ներդրում ունենում, որպեսզի նման դեպքեր երբևէ չկրկնվեն»,-ասել է դեսպանը:

Լրագրողի հարցին, թե Ռիչարդ Միլսն ինչպես է վերաբերում փաստին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր խոստումը չկատարեց և դարձյալ «ցեղասպանություն» բառը չօգտագործեց, դեսպանը պատասխանել է. «Կարծում եմ՝ նախագահը շատ հզոր, ուժեղ հայտարարություն է արել: Նա դեպքերը որակեց որպես 20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկը: ԱՄՆ նախագահը հավատարիմ է մնում այն հանձնառությանը, ինչին ձգտում ենք մենք բոլորս՝ դեպքերի լիարժեք, ամբողջական և արդարացի ճանաչմանը: ԱՄՆ նախագահը շարունակում է հավատարիմ մնալ աշխատելու այն ուղղությամբ, որպեսզի լիարժեք և ամբողջական կերպով ճանաչվեն դեպքերը»:

Այն հարցին, թե այդպիսով, Բարաք Օբաման գուցե չի ցանկանում Թուրքիայի հետ հարաբերությունները վատացնել, դեսպանը պատասխանեց. «Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ իր նպատակը ճշմարտությունն է և երկու հասարակությունների միջև հաշտեցումը, նա շարունակում է հավատարիմ մնալ այդ հանձնառությանը: Այստեղ լինելով և հավերժական կրակի մոտ հարգանքի տուրք մատուցելով՝ մեկ անգամ ևս հաստատում ենք այդ հանձնառությունը»:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առնչությամբ տարեկան ելույթում կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց: «Այսօր մենք կրկին մտորում ենք 20-րդ դարի առաջին մասսայական սպանության՝ Մեծ Եղեռնի մասին, որի ընթացքում 1.5 մլն հայ սպանվել, տեղահանվել ու իրենց մահն են գտել», - մասնավորապես, ասվում է Օբամայի ուղերձում: «Ես հետևողականորեն հայտնել եմ անձնական տեսակետս 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, և այն չի փոփոխվել», - ասել է ԱՄՆ նախագահը:

Ընթերցեք նաև. Օբաման կրկին չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը հայերի ոչնչացումը նկարագրելուց

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---