Կիպրոսի նախագահը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` այն համարելով մարդկության խայտառակություն

Կիպրոսի նախագահը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` այն համարելով մարդկության խայտառակություն

PanARMENIAN.Net - Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը՝ իր կառավարության աջակցությունը հայտնելով միջազգային հանրության կողմից այս հանցագործությունը դատապարտելուն ուղղված ջանքերին, հայտնում է Panorama.am-ը «SigmaLive.com» կայքի վրա հղումով:

«Երիտթուրքերի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ Կիպրոսի կառավարությունը դատապարտում է այս նողկալի հանցագործությունը, որն ուղղակի խայտառակում է մարդկության պատմությունը»,-ապրիլի 24-ին հայտարարել է Կիպրոսի նախագահը:

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Իանակիս Օմիրուն հայտարարել է, որ «բոլոր քաղաքակիրթ պետությունները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը՝ ապագայում մարդկության դեմ նման հանցագործությունը կանխելու համար»: CNA գործակալության հաղորդմամբ, այս մասին կիպրոսցի պաշտոնյան հայտարարել է Նիկոսիայի հայկական եկեղեցում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառմանը՝ զոհերի ոգեկոչման արարողության:

2015-ի ապրիլի 2-ին Կիպրոսի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ներկայացրել էին խորհրդարանի բոլոր խմբակցությունները: Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը:

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը 2015-ին մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը` ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ: «Կիպրոսը եվրոպական առաջին երկրներից էր, որ ճանաչեց ցեղասպանությունը։ Յուրաքանչյուրիս ներկայությունն այստեղ նպատակ է հետապնդում վառ պահելու հիշատակը և հարգանքի տուրք մատուցելու միլիոնավոր նահատակներին, ովքեր կյանքից զրկվեցին հարյուր տարի առաջ։ Մենք խմբովի պարտավոր ենք հայտարարել, որ սա չի կարող անպատժելի մնալ։

Հայաստանն ու Կիպրոսը անպատժելիության զոհեր են։ Մենք երկուսս էլ մեր հույսը կապում ենք միջազգային իրավունքի հետ, մեր պատմությունները շաղկապված են, մեր ժողովուրդները պայքարել են ու մնացել կենդանի»,-ասաց նա:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---