Արտերկրի հայազգի սպաներին համախմբելու Կոմանդոսի նախաձեռնությունը կյանքի կկոչվի մինչև ապրիլի վերջ

Արտերկրի հայազգի սպաներին համախմբելու Կոմանդոսի նախաձեռնությունը կյանքի կկոչվի մինչև ապրիլի վերջ

PanARMENIAN.Net - Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) նախաձեռնությունն՝ ուղղված աշխարհի բոլոր հայազգի գեներալներին ու ռազմական փորձագետներին համախմբելուն, կյանքի կկոչվի մինչև այս ամսվա վերջ: Կոնկրետ օրը դեռ որոշված չէ, հայտնում է Armtimes-ը:

Այդ մասին տեղեկացրել է Տեր-Թադևոսյանը՝ հավելելով, որ այս պահին իրականացվում են հյուրանոցների հետ պայմանավորվածություններ և այլ տեխնիկական հարցեր: Գեներալ-մայորը նպատակ ունի բարձրաստիճան սպաների ու փորձագետների միջոցով ռազմական-ուսումնական կենտրոններում համապատասխան գիտելիքներ փոխանցել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են զինվորագրվել հայոց բանակին: Նա այն համոզմանն է, որ եթե ցանկանում ենք՝ թշնամին այլևս երբեք չհանդգնի հարձակվել մեզ վրա, առավել ևս՝ ոտք դնել մեր սուրբ հողին, պետք է լինենք միասնական: Ըստ նրա՝ միայն այդպես է հնարավոր արժանի լինել մեր զինվորի թափած արյանը, իզուր չկորցնել այդ արյունը:

Տեր-Թադևոսյանն նշել է, որ համախմբվելու իր կոչին բազմաթիվ ազատամարտիկներ են արձագանքել, սակայն եկել է պահը, որ ընտրվեն նրանք, ովքեր կարող են կոնկրետ այս գործում ներդրում ունենալ: «Այսօր էլ էին երկու հոգի զանգել: Թիվ չեմ կարող նշել, բայց բավականաչափ արձագանքներ կան: Ուղղակի մեզ պետք են նրանք, ովքեր որ այս գործում անելիք կունենան, թե չէ ցանկացողներ շատ-շատ են եղել: Մենք չենք ցանկանում որևէ մեկին նեղացնել, բայց մենք ենք որոշելու, թե արձագանքողներից ում հրավիրենք»,- ասել է Տեր-Թադևոսյանը:

Անդրադառնալով համագործակցության ձևաչափին` գեներալ մայորը ասել է. «Այս պահին ես չեմ ուզում փակագծեր բացել: Ես հասկանում եմ, որ դա շատ հետաքրքիր է, բայց եկեք դեռ այդ մասին չխոսենք: Դա հասարակական նախաձեռնություն է, մենք չենք ուզում բարդություններ ոչ պաշտպանության նախարարության, ոչ պետության հետ: Մենք ուզում ենք ինչ-որ բանով օգնել մեր բանակին: Հիմա մենք պայմանավորվում ենք, ամեն ինչ նորմալ գնում է: Ժամկետը սահմանված է, հավաքվենք բոլորով, հետո ասուլիս կտանք, կասենք թե ինչ ենք ուզում անել, որպեսզի և դուք և մյուսները իմանան»:

Ապրիլյան 4-օրյա մարտական գործողություններից հետո գեներալ-մայորը Ստեփանակերտում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարություն-կոչ էր հրապարակել` ուղղված աշխարհի բոլոր հայազգի գեներալներին ու ռազմական փորձագետներին:

«...կորստի, ափսոսանքի ու ոգևորության օրերին մենք պետք է լինենք արժանի հայ զինվորին: Մենք իրավունք չունենք նրա գործած սխրանքը իզուր կորցնելու: Եվ որպեսզի լուծվեն հայ ժողովրդի առաջ ծառացած խնդիրները, թշնամին այլևս երբեք չհանդգնի հարձակվել մեզ վրա, առավել ևս ոտք դնել մեր սուրբ հողին, մենք պետք է լինենք միասնական: Կոչ եմ անում աշխարհասփյուռ հայ գեներալների և ռազմական փորձագետներին՝ հավաքվել Երևանում՝ համահայկական բանակի և հայության առաջ ծառացած խնդիրների լուծման ուղիները գտնելու նպատակով»,- ասվում էր Կոմանդոսի կոչում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---