ԱՄՆ դեմոկրատների առաջնորդ. Հանուն ապագա սերունդների պարտավոր ենք առերեսվել պատմությանը

ԱՄՆ դեմոկրատների առաջնորդ. Հանուն ապագա սերունդների պարտավոր ենք առերեսվել պատմությանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հայտարարությամբ է հանդես եկել: «Ավելի քան մեկ դար առաջ 1,5 մլն անմեղ հայ բնաջնջվեց` երեխաներ, կանայք, տղամարդիկ, որոնք Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից ենթարկվեցին համակարգված կոտորածի և ցեղասպանության: Այսօր մենք հիշում ենք անմարդկային, դաժան էթնիկ զտումների շրջանը: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհերի հիշատակին` ճանաչելով անցյալը»,-ասել է Փելոսին:

«Մենք չպետք է մոռացության մատնենք այդ ոճրագործությունը, որը մարդկային կյանքեր է ոչնչացրել, համայնքներ արմատախիլ արել և մի ամբողջ մշակույթ ոչնչացրել: Հաճախ պատմության ողբերգական հանցագործություններն անտեսվում են, նսեմացվում կամ ժխտվում: Մենք պարտավոր ենք հանուն ապագա սերունդների առերեսվել պատմությանը, ինչը կօգնի առավել հուսալի ապագա ստեղծել»,-ասել է նա:

«Հիշատակի այս օրը մենք պետք է ճանաչենք ճշմարտությունը: Մեր բարոյական պարտքն է ամեն օր յուրաքանչյուր հասարակության մեջ դեմ արտահայտվել մոլեռանդությանը, այլատյացությանն ու ատելությանը, որոնք հաճախ հիմք են դառնում բռնության համար»,-ասել է Փելոսին:

Հազարավոր մարդիկ ապրիլի 24-ին հավաքվել էին Նյու Յորքի Թայմս սքուերում` հարգելու համար Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Շատերը կրում էին Հայաստանի դրոշներ` կոչ անելով պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Տասնյակ հազարավոր մարդիկ Հայաստանի դրոշներով և պաստառներով ապրիլի 24-ին հավաքվել էին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջև` ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Արդարության կոչով մանուշակագույն և սև շապիկներ կրող ցուցարարները հատուցում էին պահանջում:

Լոս Անջելեսի ոստիկանության տվյալներով ցույցին մասնակցել է մոտ 60.000 ցուցարար: Նրանք վանկարկում էին. «Ձեռքերդ հեռու մեր հողից», «Արևելյան Թուրքիան դա Արևմտյան Հայաստանն է»:

Ընթերցեք նաև. Լոս Անջելեսում 60.000 մարդ է մասնակցել Թուրքիայի հյուպատոսության մոտ ցույցին

Նյու Յորքի կենտրոնում հազարավոր մարդիկ հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---