Թուրքիայի փոխվարչապետն իր երկրում Հայոց ցեղասպանության մասին խոսողներին դավաճան է անվանել

Թուրքիայի փոխվարչապետն իր  երկրում Հայոց ցեղասպանության մասին խոսողներին դավաճան է անվանել

PanARMENIAN.Net - Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը խոսել է այս օրերին թուրքական լրատվամիջոցներում ու սոցմեդիայում Հայոց ցեղասպանության մասին տեղ գտնող ոչ ժխտողական հրապարակումների մասին:

Քուրթուլմուշն ասել է.

«Յուրաքանչյուր ժողովրդի մեջ էլ դավաճաններ կան, սակայն մեզ մոտ, դժբախտաբար, դավաճաների քանակը շատ է: Այդ պատճառով էլ նախ դիմում եմ երկրի ներսում գտնվողներին` 1915 թվականի դեպքերի մասին խոսելուց առաջ նախ տեղեկացված եղեք: Պետք է կարգի հրավիրել դավաճաններին, որոնք կարծում են, թե կարող են Թուրքիային վիրավորել ու նեղը գցել աջից-ձախից լսած տեղեկություններով: Նման բան չի կարող լինել»:

Թուրքիայի փոխվարչապետը մեղադրել է նաև արտերկրում Հայոց ցեղասպանության մասին խոսողներին` ասելով, որ արտասահմանում այդ թեման շատերի կողմից քաղաքական խաղերի առարկա է դառնում, Beyazgundem.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Ապրիլի 24-ին Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում Հայոց ցեղասպանությանը նվիրված ակցիա է իրականացրել՝ կոչ անելով առերեսվել պատմությանը: Իսկ ապրիլի 23-ին Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության մաս կազմող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Շիշլի շրջանի կառույցը կազմակերպել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակման միջոցառում:

Էրդողանն իր ուղերձում Ցեղասպանության զոհերին ներկայացրել է որպես «ողբերգական պայմաններում զոհվածների»

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---