Գերմանիան մտադիր է ավիաբազա ստեղծել Թուրքիայում

Գերմանիան մտադիր է ավիաբազա ստեղծել Թուրքիայում

PanARMENIAN.Net - Գերմանիայի զինված ուժերը (Բունդեսվեր) մտադիր են ավիաբազա ստեղծել թուրքական Ինջիրլիկ ավիաբազայի հիման վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին Spiegel Online-ի վրա հղումով:

Ըստ գերատեսչության ներքին փաստաթղթերի, որոնց վրա հղում է կատարում պարբերականը, Գերմանիան մոտ 65 մլն եվրո կհատկացնի իր թռիչքուղու կառուցման, գերմանացի զինվորների կացարանների և վարժահարթակի կառուցման համար: Բացի այդ, բանակցություններ են գնում Անկարայի հետ գերմանացի զինվորների տեղակայման վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագրի շուրջ:

Ենթադրվում է, որ առաջիկա 6 ամսում Գերմանիան մոտ 10 մլն եվրո կծախսի Tornado կործանիչների և լիցքավորող ինքնաթիռների համար նախատեսված թռիչքուղու կառուցման վրա: Լրացուցիչ ԳԴՀ-ն մոտ 15 մլն եվրո կհատկացնի 400 զինվորի համար նախատեսված զորանոցների համար: Գերամանացիները նաև սրճարան և հանգստի գոտի կկառուցեն` 4,5 մլն եվրոյով: Նախագծերի մեծ մասը նախատեսվում է ավարտել արդեն 2017-ի ամռանը, ինչը շատ արագ տեմպ է գերմանացիների համար, եթե հաշվի առնենք, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել: Մինչ օրս բունդեսվերի ուժերը ժամանակավոր էին Թուրքիայում որպես ՆԱՏՕ-ի գծով գործընկեր:

Բունդեսվերը Սիրիայում ընթացող հակաահաբեկչական գործողություններին մասնակցում է 2015-ի դեկտեմբերի 15-ից: Դեկտեմբերի 4-ին Բունդեսթագը ձայների մեծամասնությամբ հավանություն տվեց գերմանական ուժերի մասնակցությանն ԻՊ դեմ պայքարին: Մանդատն ուժի մեջ է մինչև 2016-ի դեկտեմբերի 31-ը և չի ենթադրում մասնակցություն ցամաքային գործողություններին:

Բունդեսվերի առաքելությունը տեղակայված է Ինջիրլիկում 2015-ի դեկտեմբերից: Այժմ Թուրքիայում մոտ 200 գերմանացի զինծառայող կա: Իրականացվում են հիմնականում հետախուզական թռիչքներ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---