Ընդդիմադիրները պահանջել են ԱԺ հրավիրել Օհանյանին և Խաչատուրովին՝ հարցերին պատասխանելու

Ընդդիմադիրները պահանջել են ԱԺ հրավիրել Օհանյանին և Խաչատուրովին՝ հարցերին պատասխանելու

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին Ազգային ժողովում ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը ԱԺ ղեկավարությանն առաջարկել է խորհրդարան հրավիրել պաշտպանության նախարարության ղեկավարությանը` նախարար Սեյրան Օհանյանին և Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին, քանի որ ունեն բազմաթիվ հարցեր, որոնք մինչ այժմ պատասխաններ չեն ստացել:

«Մենք անընդհատ բողոքում ենք, թե մեր զենքը ութսունական թվականների է, թե ռուսները օգնում են Ադրբեջանին, դա իհարկե, դատապարտելի է, մենք էլ ենք դատապարտում: Բայց մենք պետք է հասկանանք, որ այդ զենքերից չէ, որ տվել ենք այդքան զոհեր: Չկա այնպիսի ստրատեգիական զենք, որի պատճառով մենք զոհ ենք տվել: Մենք զոհ ենք տվել, որովհետև մեր զինվորը երեկոյան չի տեսնում, չունի գիշերային սարք, մենք զոհ ենք տվել, որովհետև հասարակ կապը չկա:

Մենք լուրջ խնդիրներ ունենք պաշտպանության նախարարության ղեկավարման որակի հետ: Շքեղ ավտոմեքենաները, ջիպերը տասնյակներով կան, բայց հասարակ կապի միջոց չկա, որ կար տասնյակ տարիներ առաջ: Սա լուրջ թեմա է, և կարծում եմ, որ պետք է արտահերթ քննարկում կազմակերպել Ազգային ժողովում», -հայտարարել է Բագրատյանը, գրում է Panorama.am-ը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հիշեցրել, որ այդ հարցի վերաբերյալ արդեն իսկ եղել են փակ քննարկումներ, ներկա է եղել Պաշտպանության փոխնախարարը, հնչել են քառասունվեց հարց, տրվել են դրանց պատասխանները:

Շարմազանովի խոսքով, ՊՆ-ն բաց է ու չկա մի հարց, որը չի քննարկվել ՊՆ ղեկավարության հետ:

«Պարզապես պետք է նպատակահարմարության մասին խոսենք: Չեմ կարծում, թե այս հարցի քննարկումը կօգնի օր առաջ լուծել մեր խնդիրները և էսպես հրապարակային հարցեր տալը նպատակահարմար չէ: Չեմ կարծում, թե ՊՆ ղեկավարությունը հրաժարվի պատասխանել ձեր հարցերին, ու ես պատրաստ եմ իմ աշխատասենյակը տրամադրել, որ միասին քննարկեք»,- ասել է Շարմազանովը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ ԱԺ-ում տեղի ունեցած փակ նիստը չի բավարարել պատգամավորների մտահոգությունը, գրում է Aravot.am-ը:

«Կան հարցեր, որ լուրջ քննարկում են պահանջում և հարցեր կան, որ թույլ չենք տա ԶԼՄ-ների առջև բարձրաձայնել ու չենք ցանկանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարցնել: Հարցեր կան, որ ուզում ենք ուղղել անձամբ վարչապետին, ՀՀ արտգործնախարարին եւ ՊՆ նախարարին»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հիշեցրել է, որ պատերազմը չի ավարտվել, պետք է պատրաստ լինենք լայնածավալ գործողությունների, որովհետեւ դրանք Ադրբեջանի օրակարգում են:

Ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն էլ պահանջել է , որ ՀՀ արտգործնախարարը բանակցային գործընթացի հետ կապված հստակ տեղեկատվություն ներկայացնի ԱԺ, որ ռուսական ԶԼՄ-ներից ստիպված չլինեն ինֆորմացիա ստանալ:

Շարմազանովը դրան պատասխանել է, փոխարտգործնախարար Քոչարյանը ներկայացել է ԱԺ-ում փակ նիստին ու պատասխանել պատգամավորների հարցերին:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---