Ցրտահարությունից առանձին համայնքներում ծիրանի կորուստը՝ 50-80%. 2016-ին սպասվում է 45-55.000 տ բերք

Ցրտահարությունից առանձին համայնքներում ծիրանի կորուստը՝ 50-80%.  2016-ին սպասվում է 45-55.000 տ բերք

PanARMENIAN.Net - Հանրապետությունում մարտ ամսվա առանձին օրերի ընթացքում արձանագրված բացասական ջերմաստիճանների արդյունքում հիմնականում վնասներ են գրանցվել Արմավիրի և Արարատի մարզերում, որտեղ տուժել է ծիրանենու բերքը:

Առավել տուժել են Արմավիրի մարզի համայնքների գյուղացիական տնտեսությունները: Մարզի Արմավիրի և Էջմիածնի տարածաշրջաններում, Բաղրամյանի տարածաշրջանի առանձին համայնքներում բերքի կորուստը կազմել է 50-80%, իսկ որոշ համայնքներում` նույնիսկ ավելին, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

Արարատի մարզի Արարատում ծիրանի բերքի կորուստը գնահատվում է 20-40%, Արտաշատում՝ 40-70%, Մասիսում՝ 40-50%, իսկ «Զվարթնոց» օդանավակայանին հարակից (այդ թվում նաև Էջմիածնի տարածաշրջանի) առանձին համայնքներում, որտեղ ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում` 60-90%: Բերքի որոշակի կորուստներ կան նաև Վայոց ձորի մարզի 2-3 համայնքում:

Ընդհանրացնելով տուժած համայնքներում մասնագետների կողմից ծիրանի բերքի կորուստների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքներն ու հաշվարկները, ինչպես նաև համադրելով մնացած շրջաններում սպասվող բերքի վերաբերյալ տվյալները` հանրապետությունում 2016-ին կանխատեսվում է 45-55 հազար տոննա ծիրանի բերք:

Նշված ծավալները կարող են որոշ փոփոխությունների ենթարկվել` պայմանավորված մայիս ամսվա կեսերին երբեմն դիտվող բնական պտղաթափով: Կա ևս մեկ կարևոր գործոն, որը կարող է արդյունքների վրա դրական ազդեցություն ունենալ. ծառերի թույլ ծանրաբեռնվածության դեպքում ձևավորվում են անհամեմատ ավելի խոշոր և բարձրորակ պտուղներ, որի շնորհիվ բարձրանում է ապրանքայնության մակարդակը, և զգալիորեն մեղմվում են կորուստները:

Ծիրանի ընթացիկ տարվա սպասվող բերքի վերաբերյալ առավել հստակ տեղեկություններ կտրվեն մայիսի երկրորդ տասնօրյակին:

2015-ին Հանրապետությունից միայն արտահանվել է 21.300 տոննա ծիրան: 2015-ին գրանցվել է ավելի քան 100.000 տոննա ծիրանի բերք:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---