Ֆրանսիայի ԱԳ նախարար. Առաջարկում ենք շփման գծում հսկման սարքեր ու դիտորդներ տեղակայել

Ֆրանսիայի ԱԳ նախարար. Առաջարկում ենք շփման գծում հսկման սարքեր ու դիտորդներ տեղակայել

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԳՆ Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրին:

Նախագահը պետքարտուղարին տեղեկացրել է, որ ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ժամանակ այդ երկրի զինվորականները բազմաթիվ հանցագործություններ կատարեցին՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը:

Այդուհանդերձ, ԼՂ պաշտպանության բանակը ոչ միայն դիմակայել է, այլև արժանի հակահարված է հասցրել հակառակորդին, սակայն Ադրբեջանը շարունակում է սադրանքներ հրահրել, և իրավիճակը շարունակում է մնալ լարված: Նախագահը հյուրի խնդրանքով իր տեսակետներն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում ստեղծված իրավիճակի պատճառների ու դրդապատճառների, ինչպես նաև այդ իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների վերաբերյալ:

Ֆրանսիայի արտգործնախարարության Եվրոպական հարցերով պետքարտուղարը վերահաստատել է բարեկամ Ֆրանսիայի, որ միաժամանակ հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման վերաբերյալ: Նա ընդգծել է, որ իր երկրում համոզված են, որ այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով և շահագրգռված են ի նպաստ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունները վերսկսելու հարցում:

Կողմերը համակարծիք են եղել, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է նախ հրադադարի ռեժիմի խախտման վերահսկողության մեխանիզմների շուտափույթ ներդրում և վստահության ամրապնդման միջոցների ձեռնարկում, որպեսզի կանխվեն ագրեսիվ միջամտությունները, և հնարավոր լինի բանակցային սեղանի շուրջ գտնել փոխընդունելի մոտեցումներ հարցի կարգավորման համար:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոյի մասնակցությունը իր գլխավորած պատվիրակության կազմում, ըստ պետքարտուղար Դեզիրի, ևս մեկ անգամ վկայում է, որ Ֆրանսիան ջանք չի խնայում նպաստելու հիմնախնդրի խաղաղ և շուտափույթ կարգավորմանը:

«Մոտեցումը հետևյալն է՝ հրադադարը անպայման պետք է պահպանվի, և, բնականաբար, պետք են մեխանիզմներ, որոնք թույլ կտան հսկել հրադադարի պահպանումը: Այդ մեխանզիմները պետք է հիմնվեն միջազգային հանրության հովանու ներքո, այդ դերը կարող է ստանձնել ԵԱՀԿ-ն:

Մեխանիզմ ասելով՝ նկատի ունեմ դիտորդներ և հսկման էլեկտրոնային սարքեր, այսինքն՝ վերահսկողությունը պետք է իրականացվի թե՛ տեխնիկական միջոցներով, թե՛ մարդկանց օգնությամբ, որոնք թույլ կտան յուրաքանչյուր վայրկյան ստուգելու հրադադարի պահպանման ռեժիմը: Յուրաքանչյուր անգամ, երբ կգրանցվի հրադադարի խախտման որևիցե դեպք, դա թույլ կտա ստանալ անկողմնակալ տեղեկատվություն», - ասել է Դեզիրը` Ֆրանսիայի դեսպանատանը լրագրողների հետ ունեցած հանդիպմանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Դեզիրը ընդգծեց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը չունի ռազմական լուծում, միակ լուծումը՝ բանակցություններին վերադառնալն է, և այն, ինչ հայտարարել ու ներկայացրել է Երևանում, կկրկնի Բաքվում. - «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի մադրիդյան սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք»:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---