Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը քննադատել է ադրբեջանական դաժանությունները

Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը քննադատել է ադրբեջանական դաժանությունները

PanARMENIAN.Net - Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտն (EOI) իր պաշտոնական կայքում հրապարակել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ 2016 թվականի ապրիլի 2-5 ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին:

EOI-ն նաև պաշտոնական հայտարարությամբ քննադատել է ադրբեջանական կողմից հայկական քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակիչների նկատմամբ ցուցաբերած առանձնակի դաժան վերաբերմունքը: Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը հայտնել է իր մտահոգությունն առ այն, որ քաղաքացիական բնակչությունը ենթարկվել է պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, անմարդկային վերաբերմունքի:

EOI-ն անդրադարձել է նաև քաղաքացիական բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների, մասնավորապես դպրոցների, մանկապարտեզների վրա կատարված հարձակումներին, երեխաների և տարեցների նկատմամբ իրականացրած անթույլատրելի ոտնձգություններին՝ նշելով, որ դրանք առավելապես խախտում են մարդու իրավունքների եվրոպական բարձր արժեքները և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները, հայտնում է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը մարդու իրավուքների պաշտպանության ոլորտում Եվրոպայում գործող կարևորագույն կառույցներից է: ԼՂՀ օմբուդսմենի գրասենյակը 2009 թվականից EOI անդամ է:

Խաղաղ բնակչության դիտավորյալ հրետակոծության հետեւանքով ապրիլի 2-ին ԼՂՀ Մարտունու շրջանում՝ դպրոցի բակում, զոհվել է 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը, եւս երկու երեխա վիրավորվել է։ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից դաժանաբար սպանվել եւ անարգանքի են ենթարկվել Խալափյան ընտանիքի երեք տարեց անդամ, որոնցից ամենաավագը 92 տարեկան էր։ Խոշտանգումների ու անարգանքի հետքեր են հայտնաբերվել նաեւ Ադրբեջանի կողմից ապրիլի 10-ին ԼՂՀ-ին հանձնված ԼՂՀ Պաշտպանության բանակի զոհված զինծառայողների մարմինների վրա:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը քայլեր է ձեռնարկում ուղղված միջազգային հանրությանը, այդ թվում՝ մասնագիտացված կառույցներին իրազեկելու Ադրբեջանի զինված ուժերի անմարդկային արարքների այս աղաղակող փաստերը եւ հետամուտ է լինելու, որպեսզի այս հանցագործությունների մեղավորները ոչ միայն խստագույնս դատապարտվեն, այլեւ ենթարկվեն պատասխանատվության։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---