ՔԿ. Ավտոբուսում պայթուցիկ նյութի հետքեր են հայտնաբերվել

ՔԿ. Ավտոբուսում պայթուցիկ նյութի հետքեր են հայտնաբերվել

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ ԱԱԾ և ոստիկանության օպերատիվ հետախուզական մարմինների հետ համատեղ շարունակվում են իրականացվել ակտիվ և անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախնական տվալներով՝ պայթյունի պահին ավտոբուսում գտնվել է 10 անձ՝ վարորդը և 9 ուղևոր, որոնցից 2-ը տեղում մահացել են, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դեպքի վայրի զննությամբ՝ ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ գործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, ով ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ, տեղեկացնում է ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը։

«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ։

Ավտոբուսում պայթյունի պահին գտնված 10 անձանցից 9-ի՝ վարորդի, 7 վիրավորի և 1 զոհի ինքնությունը պարզվել է, բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ են։ Ապրիլի լույս 26-ի գիշերն իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների շրջանակում, օրենքով սահմանված կարգով, նրանց բոլորի բնակարաններում ևս ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում քրեական գործի համար հետաքրքրություն ներկայացնող առարկաներ չեն հայտնաբերվել, նրանց հնարավոր առնչությունը տեղի ունեցած պայթյունի հետ հերքվել է։

ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ միջոցներ են ձեռնարկվում դեպքի վայրում հայտնաբերված հեռախոսային քարտի բաժանորդի և դեպքի վայրում հայտնաբերված երկրորդ դիակի նույնականացման ուղղությամբ։ Դիակն անճանաչելի է և վերցված փորձանմուշների հիման վրա նշանակվել է ԴՆԹ փորձաքննություն։

Առգրավվել և հետազոտվում են դեպքի վայրում և թիվ 63 ավտոբուսի երթուղու երկայնքով առկա հնարավոր տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։

Նախաքննության այս փուլում ահաբեկչության վարկածի վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել։ Կատարվում են քննչական և օպերատիվ–հետախուզական միջոցառումներ՝ ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի դրդապատճառները պարզելու ուղղությամբ։

Ապրիլի 25-ին, Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, ավտոբուսում պայթյուն է որոտացել 63 երթուղուն պատկանող Bogdan մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում: Զոհվել է 2 մարդ, տուժել՝ 8: Վիրավորվել են 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան,Թումոյի աշակերտներ՝2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1955 թ. ծնված Արեգնազ Սարգսի Ղալեչյան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները տեղափոխվել են Սբ Աստվածամայր ԲԿ. Ինքնուրույն են շնչում

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---