Ամալ Քլունին՝ Իսմայիլովայի մասին. Ադրբեջանը, լինելով ԵԽ անդամ, բանտարկում է նրան՝ ճշմարտությունը լսելու վախից

Ամալ Քլունին՝ Իսմայիլովայի մասին.  Ադրբեջանը, լինելով ԵԽ անդամ, բանտարկում է նրան՝ ճշմարտությունը լսելու վախից

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան, իրավաբան Ամալ Ալամուդին Քլունին բանտարկված ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերն է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային դատապարտել է 7.5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելն ու ծախսելը), 192-րդ հոդվածի (անօրինական գործարարություն), 213-րդ հոդվածի (հարկերից խուսափելը) և 308 հոդվածի (լիազորությունների չարաշահումը) հատկանիշներով։

Քլունին բրիտանական BBC-ի եթերում խոսել է լրագրողի գործի մասին՝ պատմելով, թե ինչու է որոշել ստանձնել այդ գործը:

«Վերջին տարիների ընթացքում ես ներկայացրել եմ այլ լրագրողների շահերը, և այդ ընթացքում շատ բաներ եմ կարդացել ամբողջ աշխարհում լրագրողների հետ կապված գործերի մասին։ Այս մեկն իսկապես ինձ հուզեց, որովհետև մի կողմից ես տեսա, որ նա իսկապես քաջ կին է, 39 տարեկան երիտասարդ կին, ով աշխատում է մի երկրում, որտեղ նա շատ լավ գիտեր լրագրող լինելու հետևանքները»,- ասել է Քլունին, մեջբերում է Tert.am-ը:

«Այն միտքը, որ Ադրբեջանը, Եվրոպայի խորհրդի անդամ լինելով, կարող է ճաղերի հետևում պահել լրագրողի, որովհետև չի ցանկանում, որ նա ճշմարտությունը հաղորդի, ինձ իսկապես զայրացրեց, և ես մտածեցի, որ գուցե կարող եմ ինչ-որ բան անել նրան օգնելու համար»:

Նրա խոսքով, դիվանագիտական ճնշումը կարող է ազդեցություն ունենալ իշխանության վրա՝ հիշեցնելով, որ անցած ամիս ազատ են արձակվել տասնյակ քաղբանտարկյալներ, և դրանից երկու շաբաթ անց նախագահ Իլհամ Ալիևն արդեն հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և փոխնախագահ Ջո Բայդենի հետ։ Քլունին դա որպես դրական քայլ է գնահատել, սակայն նշել է, որ Խադիջան դեռ մնում է բանտարկված:

2016-ի հունվարին Ադրբեջանական բանտում գտնվող Խադիջա Իսմայիլովան ընդունել է հանրահայտ իրավապաշտպան Ամալ Քլունիի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում որպես իր պաշտպան հանդես գալու առաջարկը։

Քլունիին «հայուհի» հռչակած Ադրբեջանում այս առնչությամբ բուռն քննարկումներ են ընթացել. պնդել են, որ նա իբր «հայտնի է իր թուրքաֆոբ հայացքներով» և Խադիջայի գործում ներգրավվում է հայկական լոբբիի ջանքերով։

Ի պատասխան ադրբեջանական իշխանամետ մամուլի պնդումներին, Իսմայիլովան ասել է. «Ինձ համար կարևոր չէ մարդու ազգային պատկանելությունը, նորմալ մարդիկ երբեք չեն հարցնում ազգային պատկանելության մասին»։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---